Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիայի մասնակիցների մի մասը Բաղրամյան 26 չհասավ. փակել էին ճանապարհները (տեսանյութ)

Հասարակություն
akcia-nax

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տարաների արտադրությամբ զբաղվող   «Glass World Company» ընկերությունից տուժած աշխատակիցների մեծ մասն այսօր չկարողացավ Աբովյանից Երեւան հասնել: «Զանգեցինք իրենց, ասացին ճանապարհը փակել են, չեն թողել գան, տարել են մարզպետարան, Գուլոյանն (մարզպետ Կարապետ Գուլոյան-խմբ.) է եկել, հետները խոսել»,- ասում է Մուշեղ Ջամալյանը: Իսկ Գաբրիել Ջամալյանն էլ ավելացնում է. «Ասել է, եթե իջնեք Բաղրամյան 26, մենք էլ չենք զբաղվի ձեր աշխատավարձերի հարցով»: Կոտայքի մարզպետը խոստացել է մեկ ամիս հետո վճարել աշխատավարձերը, սակայն դա նրանց այդքան էլ չի ոգեւորել: « Ինքն ամսի 15-ից 30-ը խոստացել էր, որ պետք է վճարումները անի, բայց խնդրեց, որ դիմենք դատարան: Հիմա նորից ասել է մի ամիս սպասեք, տեսնենք, թե խնդիրն ինչումն է, կարծում եմ, որ նորից ժամանակի վրա են աշխատում»,- ասում է Արմեն Խաչատրյանը: Գործարանի աշխատակիցները որոշել էին նախագահական նստավայրի դիմաց կրկին բարձրաձայնել իրենց չստացած աշխատավարձերի մասին:   Գործարանը ունեցել է 350 աշխատակից, որոնց, ըստ ակցիայի մասնակիցների, 150-ից մինչեւ 400 հազար դրամ է պարտք: «Բանկին պարտք ունեմ, փող եմ վերցրել, որ աշխատավարձը չստանալու ժամանակ կարողանամ ապրել: Մենակ ես չեմ, իմ նման շատերն են»,- ասում է Պապիկ Վիրաբյանը: Հիշեցնենք, որ գործարանը նախորդ տարվա օգոստոս ամսից դադարեցրել է իր արտադրությունը: Իսկ աշխատակիցներին ոչինչ չի մնում, քան սպասել աշխատավարձի: