«Նոր Հայաստանի» անդամները պահանջագիր հանձնեցին դատախազությանը (տեսանյութ)
«Նոր Հայաստան» ճակատի անդամներն ու մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին գլխավոր դատախազության շենքի առջեւ՝ պահանջով ազատ արձակել Ամանորի գիշերը ձերբակալված Գեւորգ Սաֆարյանին կամ փոխել նրա խափանման միջոցը: Ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք տասը կետից բաղկացած պահանջագիր են ներկայացրել, որում հիմնավորումներ են բերված, թե ինչու պետք է ազատ արձակվի Գեւորգ Սաֆարյանը: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին, մասնավորապես՝ Գեղամ Խաչատրյանին, պատասխանատվության ենթարկել: Ակցիայի ընթացքում մասնակիցները հորդորում էին, որ իրենց մոտենա եւ պահանջագիրը վերցնի դատախաղության լիազոր ներկայացուցիչը, սակայն որեւէ մեկը նրանց այդպես էլ չմոտեցավ: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո «Նոր Հայաստանի» ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանն անձամբ որոշեց հանձնել փաստաթուղթը: Նրան թույլ տվեցին ներս մտնել, սակայն առանց լրագրողների: Դատախազությունից դուրս գալուց հետո Եղիազարյանը հավաքվածներին ասաց. «Ինձ մոտեցավ ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ Անահիտ Մելքումյանը եւ տվեց երկու հեռախոսահամար՝ վստահեցնելով, որ կարող եմ զանգահարել եւ ճշտել, թե երբ կարող եմ ակնկալել մեր գրության պատասխանը: Դատախազությունը չկարողացավ մեկ լիազոր անձ ուղարկել, որպեսզի վերցնի գրությունը: Ես անձամբ խոստանում եմ ճնշումներն ավելացնել եւ ստիպել ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին»: Մանրամասները՝ տեսանյութով