ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ԿԴԱՐՁՆԵՆ 10 ՏՈԿՈՍՈՎ ԵՎ 10 ՏԱՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը կարծում է, որ այս տարվա ընթացքում հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը կիջնի մինչեւ 10%, մարման ժամկետը՝ նույնքան տարի: Որպեսզի համեմատության մեջ պարզ դառնա, նշենք, որ այս պահին վարկի այդ տեսակի միջին տոկոսադրույքը 14% է, մարման միջին ժամկետը 5 տարի: Կենտրոնական բանկն այսօր գեմանական KFW բանկի հետ կնքեց պայմանագիր, որով այդ բանկից 40 տարի մաման ժամկետով 6 մլն եվրո վարկ կստանա: Տարվա ընացքում, հավանաբար կստանա եւս 6 մլն եվրո, եւ որպեսզի այդ փողերը ճիշտ ծախսվեն, նույն բանկը ԿԲ-ին կտա 1.5 մլն եվրո դրամաշնորհ՝ խորհրդատվությունների վրա ծախսելու նպատակով:
Այսօրվա դրությամբ երկրում 27 մլն-ի հիպոթեքային վարկի պորտֆել կա: KFW-ի տրամադրելիք գումարը դրա մոտ 40%-ի չափով է: Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանի կարծիքով, հենց 40 տոկոսով էլ կավելանա վարկի այդ տեսակի մատչելիությունը, եթե բանկերը մարման ժամկետը 5 տարուց հասցնեն 10 տարվա: Նա այսօր վստահեցրեց, թե իրենք ուսումնասիրություններով պարզել են, որ Հայաստանում կա 150-200 մլն եվրոյի չափով բնակարան գնելու կամ վերանորոգելու նպատակով վարկի պահանջարկ: Նրա գործընկեր՝ ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը նույն ոլորտի մասին բերեց ուրիշ վիճակագրական թիվ՝ 100-250 մլն եվրոյի պահանջարկ: 150 մլն-ը այն տատանվող թիվն է, որքանով կասկածվում է՝ կլինի՞ մեր երկրում այդքան փող ուզողների բանակ, թե՞ ոչ: ԿԲ փոխնախագահը նաեւ վստահեցրեց, որ շուտով վարկատու բանկերի կողմից սահմանվող պայմանները համարյա հավասար կլինեն միմյանց:
Այդ տարի գերմանական KFW-ն եւ հայկական կենտրոնական բանկը խոստանում են ռադիկալ կամ բեկումնային դարձնել հիպոթեքային վարկի շուկան: Սակայն պոտենցիալ վարկ վերցնողների ծախսերը, թանկացումներով պայմանավորված, մեծանում են, տնտեսվող գումարը՝ համապատասխանաբար փոքրանում: Արթուր Ջավադյանն այս առումով գրեթե հակասեց իր ղեկավարին՝ ԿԲ նախագահին` պնդելով, որ ինֆլյացիան 3 տոկոսից ավելի չի լինի, այսինքն այնքան, որքան վերջին տարիներին է:
ԿԲ նախագահի տեղակալը չի սխալվում
Տվյալ դեպքում հիմնավորվում է վարկածը, որ ցածր գնաճ ապահովելու նպատակով ԿԲ-ն, Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը կշարունակեն արժեվորել հայկական դրամը: Այդ թաքուն նպատակը մատնվում է ԿԲ-KFW այսօրվա պայմանագրի շնորհանդեսի մասին մամլո հաղորդագրությունում, ուր հատուկ ընդգծված է, որ եվրոյով վերցված վարկերը քաղաքացիներին տրվելու են հայկական դրամով, իսկ մինչ մամուլի ասուլիսի սկսվելը բանկի մամլո քարտուղարն այդ նախադասության մասին լոբբինգ էր իրականացնում: ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանից փորձեցինք մեկնաբանություն ստանալ հարցի կապակցությամբ, եւ նա գեղարվեստորեն պատասխանեց. «Եթե չեմ սխալվում, մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, եւ օրենքի պարտադրմամբ մեր երկրում գործարքներն իրականացվում են միայն հայկական դրամով»:
Ի դեպ, կենտրոնական բանկի նախագահը մեր թղթակցին նախորդ տարեվերջին վստահեցրել էր, որ առեւտրային բանկերը վարկ կշարունակեն տալ դոլարով կամ եվրոյով: Իսկ դրամով գործարքներ պարտադրող օրենքը, որը «Արժույթի կարգավորման եւ արժութային վերահսկողության » մասին է, ուժի մեջ է մտել դեռեւս 9 ամիս առաջ, եւ այդ ամբողջ ընթացքում Հայաստանի բոլոր բանկերը վարկեր են տվել բոլոր մոդայիկ արտարժույթներով: