ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում այսօր մեկնարկած հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի նիստը թվով 4-րդն է, որի բացման ժամանակ իր խոսքում Հունական պատվիրակության ղեկավարը մի շարք ուշագրավ մտքեր հայտնեց:
Հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանն է, իսկ հունական կողմը ներկայանում է արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով: Փոխարտգործնախարար Էվրիպիդիս Ստիլիանիդիսի կարծիքով, երկու երկրների միջեւ քաղաքական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, սակայն տնտեսականը ցածր է մնացել: Նա իր երկրի անունից խոստացավ մեծ ներդրումներ անել Հայստանում, Հունական խոշոր ընկերություններին ցույց տալ Հայաստանի ճանապարհը:
Որպեսզի նիստին ներկա հայ պատվիրակները պատկերացնեն հույն գործընկերոջ մատնանշած ներդրումների մեծության չափը, Էվրիպիդիս Ստիլիանիդիսն ասաց. «Մենք ներդրումների մեծ փորձ ունենք: Միայն վերջին տարիներին շուրջ 8 մլրդ եվրո ենք ներդրել Բալկանյան երկրներում, բացել ենք 200 հազար աշխատատեղ»: Սակայն անմիջապես դրանից հետո հունական փոխարտգործնախարարը կարեւոր շեշտադրում արեց. «Եթե որեւէ պետության կառավարության աջակցությունը լինում է, հույն խոշոր գործարարների համագործակցությունն այդ երկրի հետ լինում է գերազանց»:
Միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաեւ «ԱրմենՏել» հայ-հունական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը: «ԱրմենՏել»-ի բաժնետերերը հայաստանի կառավարությունն ու հունական OTE ընկերությունն են: Պարոն Ֆետսիսի անունը պատվիրակության անդամների կազմում չկար, չկար նաեւ հրավիրյալների մեջ, եւ սեղանին նրա համար նշաթուղթ դրված չէր: Հունական խոշոր ներդրողի եւ Հայաստանի կառավարության համագործակցության եզակի օրինակը մեր քաղաքացիների համար «ԱրմենՏել»-ն է:
Համարյա 10 տարի առաջ այդ ընկերությունը ստանձնեց մեր երկրի հեռախոսային հաղորդակցության ոլորտն արդիականացնելու, շարժական կապ ստեղծելու պարտավորությունը: Բայց մինչեւ յասօր «ԱրմենՏել»-ն ու Հայաստանի կառավարությունը պարտավորություների փոխադարձ չկատարման, տարբեր այլ մեղադրանքներով իրար քարշ են տվել Հայաստանի տարբեր դատարաններում, սպառնացել Լոնդոնի արբիտրաժային դատարանով:
Իսկ հայկական պետական հանձնաժողովներից մեկը, որը զբաղվում է տնտեսական մրցալցության պաշտպանությամբ, արդեն մի քանի անգամ տուգանել է «ԱրմենՏել»-ին: Վերջին տուգանումը տեղի է ունեցել այս ամիս, եւ «ԱրմենՏել»-ի վարչական բողոքն այս պահին գտնվում է հանձնաժողովի անդամների սեղանին. ուսումնասիրում են, որ դնեն նիստի:
Հայ-հունական տնտեսական այլ խոշոր համագործակցության կամ ներդրումի մասին հասարակությունն առայժմ ոչինչ չգիտի: Միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Լոքյանն, այնուամենայնիվ, չափազանց շռայլ էր բարեկամ երկրի ու իշխանության հասցեին պերճախոսություններում, եւ նրա հույն պաշտոնակից Էվրիպիդիս Ստիլիանիդիսը խոստացավ Հայաստանին օգնել Սեւծովյան տնտեսական համագործակցության, Եվրոպայի նոր հարեւաններ ծրագրի շրջանակներում, նույնիսկ հետագայում ԵՄ անդամ դառնալու հարցում: