ԲԱՆԿԵՐԸ ԿԵՐԱՇԽԱՎՈՐԵՆ ԱՐՏԱՀԱՆՈՂԻ ԱՊՐԱՆՔԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ՓՈՂԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Առեւտրի ֆինանսավորման միջազգային բանկային կոնֆերանսը (ԱՖՄԲԿ), որ կազմակերպել էին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Հայէկոնոմբանկը:
Առեւտրի ֆինանսավորման կոնֆերանս Հայաստանում անցկացվեց առաջին անգամ: Նախաձեռնող Հայէկոնոմբանկի ղեկավարը ամփոփիչ ասուլիսում բնութագրեց. «ՎԶԵԲ-ը շատ երկրներում է կոնֆերանսներ տեսել, սակայն նման վերաբերմունքի արժանանմում է առաջին անգամ»: Մասնակիցների անսպասելի մեծ քանակից եւ լրատվամիջոցների բուռն արձագանքից տպավորված էր նաեւ պարոն Օսիպյանը:
Իսկ թե ինչ կտա այդ վերաբերմունքը Հայաստանում առեւտուր կամ արտադրություն իրականացնող գործարարին ու շարքային քաղաքացուն, կազմակերպիչները ներկայացնում են ընդհանուր եւ տնտեսագիտական տերմիններով: ՎԶԵԲ-ը անցյալ տարի ֆինանսավորել է 11 գործարք՝ 20 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Այս տարի Հայաստանում կֆինանսավորվի առնվազն 20 գործարք՝ 40-50 մլն եվրո արժեքով: Նախորդ տարի ֆինանսավորված ծրագրերում անշարժ գույքի գործարք չի եղել, այս տարի հիպոթեքային վարկերի գծով ֆինանսավորում նախատեսվում է:
Մայք Դեվին ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենն է՝ Անդրկովկասյան երկրների եւ Մոլդովայի գծով: Նա այսօր խոստացավ, որ մեր երկրին փողեր կտան էներգետիկան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունն ու անշարժ գույքի շուկան զարգազնելու համար: Իսկ այդ ոլորտներին գումարի ներարկումը կատարվում է հայաստանյան չորս բանկերի միջոցով, այդպիսով, զարգանում են նաեւ բանկերը: ՎԶԵԲ-ը 25%+1 բաժնետոմսով մասնակցում է Հայէկոնոմբանկի կառավարմանը, իսկ Հայաստանի կառավարությունը բաժնետեր է ՎԶԵԲ-ում: Եվ միջազգային կոնֆերանսը նախաձեռնել էր ոչ թե կառավարությունը, այլ՝ այն բանկը, որը ՎԶԵԲ-ի հայաստանյան ֆինանսական ծրագրերի 80 տոկոսի իրականացնողն է: Այսպիսի կոնֆերանսը կնպաստի բանկերի միջեւ մրցակցության բարձրացմանը, հնարավոր է՝ կազմակերպիչ բանկի հաշվին ավելանան ՎԶԵԲ-ի գումարով վերաֆինանսավորող ուրիշ բանկերի քանակը կամ մեծանա դրանցում եղած ՎԶԵԲ-ի պորտֆելը:
Այս ենթատեքստում ուշագրավ էր Հայէկոնոմբանկի ղեկավարի արձագանքը. «Կոնֆերանսը մենք ենք կազմակերպել, քանի որ չենք վախենում մրցակցությունից: Հնարավոր է, որ մեր 80%-ը նվազի, սակայն նման միջոցառում նախաձեռնելով՝ մենք փորձեցինք Հայասատնը մեկ-երկու օրով դարձնել մի փոքր կենտրոն, ռուսական բանկին հանդիպեցրինք, ասենք` արտասահմանյան այլ բանկի հետ: Եվ այսուհետ ինչ ենք ասում մենք ներկրողին. ընտրեք ցանկացած ապրանք ցանկացած երկրից, եւ մենք կարող ենք երաշխավորել, որ դուք այդ ապրանքը կստանաք: Իսկ արտահանողը կարող է վստահ լինել, որ ապրանքի տեղ հասցնելուն պես ինքն իր փողը կստանա, ոչ թե կսպասի, մինչեւ այն իրացվի»:
Կոնֆերանսի արդյունքների վերաբերյալ նմանատիպ տեսակետ հայտնեց նաեւ ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Մայք Դեվին. «Հստակ արդյունքն այն է, որ հայկական ձեռնարկությունները ավելի մեծ գումար կհայցեն բանկերից: Բանկային ոլորտի զարգացած լինելը երկրի տնտեսական աճի համար չափազանց կարեւոր է»:
Աշոտ Օսիպյանն առաջարկել է ԱՖՄԲ կոնֆերանսը դարձնել ամենամյա, եւ այդ մասին բանակցում են մյուս կազմակերպչի հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանին մինչեւ տարվա վերջ կշնորհվի ֆինանսական ռեյտինգ: