Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՈՒԺԵՂ Է «ԲԱՆԱՆՑ»-ից

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ նախապատրաստվում է մինչեւ 21 տարեկանների եվրոպայի առաջնության մայիսի 17-ին կայանալիք Սան Մարինո-Հայաստան հանդիպմանը, որից հետո կկայանա նաեւ պատասխան մրցավեճը: Այս 2 հանդիպումների արդյունքում հաղթած թիմը դուրս կգա հաջորդ փուլ, որտեղ Բոսնիայի եւ Նորվեգիայի երիտասարդական հավաքականների հետ միասին հանդես կգա խմբային մրցաշարում:

Արտաշատի մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական-ստուգողական հանդիպում անցկացրեց Երեւանի «Բանանց»-ի հետ եւ հաղթեց 3:0 հաշվով:

Առաջինը Հայաստանի երիտասարդական հավաքականից գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Պետրոսյանը` 24-րդ րոպեին: 67-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Տիգրան Ղարաբաղցյանը: 85-րդ րոպեին երրորդ գոլի հեղինակը դարձավ Արսեն Բալաբեկյանը, որը առաջին անգամ էր հրավիրվել երիտասարդական հավաքական: Բալաբեկյանը անցած տարի հանդես էր գալիս «Էսթեղլալ Կոտայքում», որի լուծարումից հետո ներկայումս գտնվում է «Փյունիկում»:

Գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքին նախապատրաստվում են 20 ֆուտբոլիստներ: