ՆՈՐԱԾՆԻ ԴԻԱԿ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գյումրիի Անի թաղամասի /58 թաղամաս/ աղբանոցում բնակիչներն ու դպրոցահասակ երեխաները հայտնաբերել են նորածին երեխայի դիակ: Ըստ ականատեսների` երեխան եղել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված:
Երեխային առաջինը տեսել է աղբանոցի հարակից խանութներից մեկի աշխատակիցը՝ աղբը թափելու ժամանակ: Երեխային տեսել են նաեւ կնոջ աղմուկից աղբանոցում հավաքված տարածքի շենքերի բնակիչներն ու հարակից դպրոցի աշակերտները: Ըստ նրանց` երեխայի հայտնաբերման պահին աղբանոցի տարածքում շատ մարդիկ են եղել:
Բնակիչների խոսքերով` դեպքի մասին տեղյակ են պահել Գյումրիի ոստիկանության առաջին բաժանմունք: Ականատեսների խոսքերով` բաժնի աշխատակիցները եղել են տարածքում, հարցաքննել ներկաներին եւ տոպրակով երեխային տարել են: Սակայն Գյումրիի ոստիկանության առաջին բաժանմունքում այս մասին հերքեցին: Ըստ բաժանմունքի պետի` իրենք ոչնչից տեղյակ չեն եւ դեպքի մասին ոչինչ չգիտեն:
Գյումրի, «Ցայգ» Հ/Ը
/ Նոր մանրամասներ այսօր կեսօրին Գյումրիում հայտնաբերված երեխայի դիակի մասին/։
Պատկերը փոխվեց ժամը 18-ի հատվածում։ Տարածքի բնակիչները լրատվական ծրագրին տեղեկացրեցին, որ այն տոպրակը, որը առավոտյան տարել էին ոստիկանները, բերվել եւ դրվել է նույն տեղում։ Բաժանմունքի պետի խոսքերով, սակայն տոպրակը ոչ մի տեղից էլ չի բերվել։ Այլ հայտնաբերվել է ժամը 17-ի սահմաններում՝ իրենց աշխատակիցների կողմից աղբարկղերի միջից։ 19 անց 30-ից 20-ի սահմաններում դեպքի վայր ժամանած դատախազության ներկայացուցիչի տեղեկացմամբ ընթանում է հետաքննություն։ Դին տեղափոխվեց Գյումրիի դիահերձարան։