Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԻ 1ԽՄ-Ն ԿՎԵՐԱՍԱՀՄԱՆՎԻ 65 ԴՐԱՄ

Տնտեսություն

Իսկ էլեկտրաէներգիան եւ տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքած պայմանագիրը, որով նախատեսվում է սուբսիդավորել գազի բարձրացված սակագինը: Էներգետիկայի նախարար Արմեն Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստին հաջորդած բրիֆինգում հայտարարեց, որ առաջիկա երեք տարում Ռուսաստանը պարտավորվել է այլեւս չթանկացնել գազը:

Իսկ արդեն թանկացած մասով կառավարությունը $188 մլն լրավճարում է նախատեսել: Այդ գումարը պետական բյուջե կմտնի Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը Գազպրոմին վաճառելու արդյունքում: Էներգաբլոկի արժեքը, սակայն, լրավճարման համար նախատեսված գնից շուրջ 60 մլն-ով ավելի է գնահատվել՝ 248.8 մլն դոլար:

Դրանից բացի, ռուսական կողմը պայմանագրով պարտավորվել է երկու տարում 150-160 մլն դոլարի ներդրում կատարել Հրազդանի ՋԷԿ-ում: «Երկու տարում իրենք կայանը պիտի կառուցեն մինչեւ վերջ, եւ դրան գումարած մենք կունենանք 140 մեգավատ հզորությամ նոր գազատուրբին»,- ավետեց «Գազպրոմի» հետ բանակցող կառավարության լիազոր ներկայացուցիչ էներգետիկայի նախարարը: Նա լավատես էր նաեւ պայմանագրային գործընկերոջ կանխատեսելիության առումով:

Հարցեր եղան՝ եթե երկու տարում 5-րդ բլոկում պարտավորված ներդրումները չկատարե՞ն, ինչպես «Գույք պարտքի դիմաց» գործարքով ռուսներին անցած մի քանի հզոր ձեռնարկությունների դեպքում, կամ եթե խախտեն պայմանավորվածությունը՝ երեք տարուց շուտ գազը թանկացնե՞ն. «Պայմանագիրը կոմերցիոն է, շատ բաներ չեմ կարող ասել, բայց կոշտ դրույթներ են նախատեսված պարտավորությունների չկատարման դեպքում»,- լրագրողներին հանգստացրեց նախարար Մովսիսյանը:

Այժմ ներկայացնենք թվեր, որոնք գրված էին կառավարության բոլոր անդամների միաձայն հավանությանն այսօր արժանացած որոշման մեջ: Մինչեւ 1000 խմ գազօգտագործողների համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած՝ 1000 խմ-ն 90 000 դրամ սակագնից 25 000-ը կսուբսիդավորի գործադիրը, իսկ 1000 խմ-ից ավելի գազօգտագործողները, որոնք հիմնականում հզոր ձեռնարկություններ են, կառավարությունից կստանան 1000 խմ-ին 52.01 դոլար լրավճար: Խոշոր գազասպառողների համար հանձնաժողովը սահմանել էր 146$ սակագին: