«Հիմարության գագաթնակետն է». ԸՕ նոր նախագծի մասին
Իշխանությունները որոշել են հաջորդ ընտրություններին ընտրատեղամասեր թողնել միայն «ընտրյալ» ԶԼՄ-ների ու դիտորդների։ Ընտրական նոր օրենսգրքի՝ կառավարության կայքում հրապարակված նախագծով սահմանափակվում է ընտրատեղամասում ԶԼՄ-ների ու դիտորդական կազմակերպությունների թիվը. միայն 8 այդպիսի կազմակերպության ներկայացուցիչ կկարողանա հետևել քվեարկության ընթացքին՝ ներսից։ Հիշեցնենք, որ այդ սահմանափակման չլինելը հնարավորություն տվեց թեկուզ հեռախոսներով արձանագրել դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրական հանրաքվեի օրը տեղի ունեցած բազմաթիվ խախտումները։ Ընտրական նոր օրենսգրքով լավ վիճակում չեն հայտնվելու նաև դիտորդական կազմակերպությունները։ Ընտրությունների ընթացքը դիտարկելու հնարավորություն կտրվի միայն այն կազմակերպություններին, որոնք հրավիրված են ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի կամ ԿԸՀ-ի կողմից։ Փաստորեն՝ հարցականի տակ կլինի տեղական կազմակերպությունների՝ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորությունը։ Պարզ է, որ իշխանությունները դժվար թե ցանկանան կրկին վերահսկվել «Քաղաքացի դիտորդ»-ի կողմից, որը հանրաքվեի ընտրակեղծիքների մասին ամենաբարձր հայտարարողներից էր։ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր գնահատականն ունի վերոնշյալ դրույթների առիթով։ «Դա ապօրինություն է և հակասահմանադրական ։ Ցանկացած լրագրող իրավունք ունի մտնել ընտրատեղամաս, տեղեկություններ հավաքել ու դուրս գալ, ինչպե՞ս կարող են սահմանափակել այդ իրավունքը։ Իրենք հատուկ ծրագրով դիտավորություն են արել նման սահմանափակումներ մտցնելով»,- ասաց նա։ Ըստ պարոն Բարսեղյանի՝ «հիմարության գագաթնակետն է» տեղական կազմակերպություններին ևս դիտորդական առաքելություն իրականացնելու համար պաշտոնյաների կողմից հրավիրելու կարգ սահմանելը։ «Դիտորդական առաքելության կարող են հրավիրվել ՀՀԿ-ի երիտթևին կից ինչ -որ ՀԿ-ի ու տեղերը լրացնեն, հայտնի չէ, թե ինչպես են տեղերը բաշխվելու. այլ վտանգավոր դրույթներ էլ կան։ Էս տեսակ ապուշություն չեմ կարողանում հասկանալ, թե ոնց են կարողացել մտածել, չէի սպասում, որ այդ մակարդակի բաներ կանեն անգամ իրենք։ Այսպիսով նմանվում են իրենց մեծ եղբայր Ռուսաստանին».- հավելեց նա։ Սակայն, ըստ Լևոն Բարսեղյանի, սրանք խութեր են, եւ հնարավոր է քննարկումների ժամանակ հանվեն ու խուսափեն ավելի կոշտ դրույթներ ընդունելուց։