«ԽՐԱԽՃԱՆՔ ԺԱՆՏԱԽՏԻ ՊԱՀԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՀրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ կառուցվելիք Իրան- Հայաստան գազամուղը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը հանձնելու որոշմամբ` ՀՀ իշխանությունները հերթական անգամ աճուրդի առարկա են դարձնում երկրի էներգետիկ անվտանգությունը. այս գնահատականն է այսօր տվել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը: Համարելով,ո ր այս «մութ գործարքները» հայ ժողովրդին ոչինչ չեն տալու , այլ կարող են նպաստավոր դեր խաղալ միայն 2007-2008թթ ընտրություններում ձայներ ապահովելու, սեփական իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու համար, կուսակցությունը հիշյալ համաձայնությունը որակել է «Գույք պարտքի դիմաց-3»: Առաջինը համարելով «Հայգազարդ»-ի բաժնետոմսերի 55 տոկոսը ռուսական կողմին հանձնելը, երկրորդը` պարտքի դիմաց հայկական ձեռնարկությունները Ռուսաստանին տալը:
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտարարել է, որ.«ՀՀ իշխանությունները, ի դեմս ՀՀ նախագահի, անվտանգության խորհրդի եւ կոալիցիոն կառավարության` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի` ձեւակերպելով «Գույք պարտքի դիմաց-3» խայտառակ գործարքը, վերջնականապես կորցնելով ոչ միայն էներգետիկ անվտանգությունը, այլեւ վտանգելով մեր ինքիշխանության ու պետականության ապագան, Հայաստանը դարձնում են Ռուսաստանի ներկայիս իշխանություններին ենթակա սովորական, չֆինասավորվող մարզ»:
Անդրադառնալով «Գազպրոմի»-ի` Բելառուսի վերաբերյալ վերջին օրերի հայտարարություններին, որ 2007թ-ին գազը 1000 խմ դիմաց մատակարարվելու է 230 ԱՄՆ դոլարով, հայտարարության հեղինակները կարծում են, որ այն տարածվելու է նաեւ Հայաստանի վրա: «Բոլորս պիտի քաջ գիտակցենք,ո ր այս ամենը խաբկանք է , այն շատ կարճ կյանք կունենա,առավել եւս նման է խրախճանքի ժանտախտի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ: