Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղքատության ռիսկը մեծ է կանանց համար (տեսանյութ)

Հասարակություն
xtrakanutyun-nkar

Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ կանանց և տղամարդկանց աշխատավարձի չափը հավասար կամ գոնե իրար մոտ լինի։ Սա պարզ է դարձել նախորդ տարվանից մինչև այս տարվա սկիզբ անկախ փորձագետ Նվարդ Մանասյանի կողմից իրականացված հետազոտության արդյունքում։ Այն կատարվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության անհամապատասխանությունների ախտորոշիչ ուսումնասիրություն» ծրագրի շրջանակներում։ «Մեր երկրում կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջինին»,-նշեց տիկին Մանասյանը։ Ճեղքվածքը կազմում է 35,9 տոկոս։ Մինչդեռ ԵՄ երկրներում ճեղքվածքը 15,9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22,9 տոկոս։ Գյուղատնտեսությունում կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի 83,8 տոկոսը, կրթությունում՝ 81,3, առողջապահությունում և սոցիալական ծառայությունների ոլորտում՝ 75,1։ «Չնայած որ կանայք իրենց կրթվածությամբ, այդ թվում՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի իմացությամբ, չեն զիջում տղամարդկանց»,-շեշտեց փորձագետը։ «Հայաստանում կանանց 57 տոկոսն է ստանում բարձրագույն կրթություն, իսկ տղամարդկանց՝ 38 տոկոսը»,-իր հերթին նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ Նա հավելեց նաև, որ ուսումնասիրված 43 երկրներում կանանց առաջադիմությունը ոչ միայն մոտ է տղամարդկանց առաջադիմությանն, այլ անգամ անցել է։ Հատկանշական է, որ մեր երկիրը տարեկան 50-60 մլն դոլարի չափով ՀՆԱ չի ստանում, ինչը հետևանք է կանանց աշխատանքի սահմանափակման։ Փորձագետը նշեց երկու հիմնական խնդիր, որոնց առջև կկանգնենք, եթե այժմ գենդերային անհավասարության այս արտահայտությունները չշտկենք. կուտակային կենսաթոշակը ցածր կլինի, աղքատության ռիսկ մեծ տարիքում, հատկապես՝ միայնակ կանանց համար։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ստացված տվյալները ներկայացնելու է Կառավարությանը՝ հորդորելով առաջիկա 5 տարվա համար մշակվող ծրագրերի ռազմավարության մեջ ընդգրկել նաև այս հարցերը։