Վագոն-տնակներն էլ են փտել. նոր հույս Գյումրիում (տեսանյութ)
Գյումրիի ծայրամասային թաղամասերից մեկի մի վագոն-տնակում ապրում է Գեղեցիկ Գևորգյանի ընտանիքը, եւ այս պայմաններում է անցնում նրա երեք թոռների մանկությունը։ Գեղեցիկ Գևորգյանը 1988թ երկրաշարժի հետևանքով զրկվել է տնից։ Վատառողջ կինը դժվարությամբ է խոսում։ «Երկրաշարժից հետո մենք միշտ հին ապրանքներով ենք ապրել, ուրիշը թազա է առել, հները մենք ենք առել»,- ասում է նա։ Մեծ ու լուսավոր բնակարանից հետո վագոն-տնակում ապրող տիկին Գեղեցիկն արդեն հույս էլ չունի, որ մի օր կսկսեն ապրել ինչպես առաջ էր. «Ինչ էլ տան` շնորհակալ եմ»։ Տնակային ավանի բնակիչներից է նաեւ Արփենիկ Ղազարյանի երեք հոգանոց ընտանիքը։ «Ժեշտը փտել է արդեն, այդ մեխերի անցքից ջուրը չռռում է, բերեցինք ժեշտ շարեցինք քամին եկավ սաղ դաշտերով մեկ ցպնեց։ Մենք արդեն ի վիճակի չենք թազա կռիշ սարքել»,- նշում է տիկինը։ Նրանք այստեղ եկան ժամանակավոր, սակայն մնացին։ Հաշմանդամության նպաստի և կենսաթոշակի հույսին մնացած ընտանիքի համար բավարար կենցաղային պայմաններն անցյալի լավ հիշողություն են, կաթոցներից պաշտպանվելու միակ միջոցը կացարանով մեկ դույլեր շարելն է, իսկ տաքանալու մասին արդեն չեն մտածում. «Վառելիքը ստեղ վառում ենք, այնտեղ ցուրտ ու սառնամանիք է, չի տաքանում, փթած, 30 տարվա դոմիկ է, մենք էլ հետը փթանք էլի»։ 10 օր առաջ Գյումրիի անգույն այս թաղամասին երանգներ տվեց ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը, որը միացել էր իր համաքաղաքացիներին օգնելու՝ մի խումբ երիտասարդների նախաձեռնությանը։ Գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի՝ 13 ընտանիքի բնակարանով ապահովելու նախաձեռնությունը անտուն ընտանքների մոտ վերջապես բնակարան ունենալու հույս է առաջացրել։ 28 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը Գյումրիում անօթևան է դեռ 11000 ընտանիք, ընդ որում՝ 3000 ընտանիք էլ տարբեր պատճառներով դուրս է մնացել պետությունից բնակարան ստանալու հաշվառումից։