Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սփյուռքահայ լուսանկարչի «լիքը դատարկությունը»

Մշակույթ
glxavor

ՆՓԱԿ-ում բացվել է բրազիլահայ լուսանկարիչ Նորայր Շահինյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Դատարկության հզորությունը» խորագիրը։ Լուսանկարների շարքն արվել է Արեւմտյան Հայաստանում։ Լինելով Ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ՝ Նորայրն այցելել է պատմական հայրենիք՝ լուսանկարելով բնությունը, հուշարձաններն ու մարդկանց։ Այս լուսանկարներում մի ամբողջ պատմություն է՝ լքված տներ, ավերված եկեղեցիներ, բայց եւ լուսավոր դեմքեր, որոնք իրար են կապում հայի անցյալն  ու ներկան։ Քահանայի տունը՝ Թվերերեկում, ամերիկյան վարժարանը՝ Մարաշում, հայկական եկեղեցին՝ Մուսալեռում, Վանա լիճն ու մարդիկ ամբողջացնում  են պատկերների այս շքերթը, որն իրավամբ կարելի է անվանել «լիքը դատարկություն»։ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը Նորայր Շահինյանի մասին ասել է. «Շահինյանի լուսանկարներում առկա բացակայության ու դատարկության մեջ կա նաեւ կյանքն ու ապրելու հարատեւությունը: Դատարկությունը, որը մնում է մահացածներից կամ բռնությամբ աքսորվածներից հետո: Նրանցից լքված դատարկության հզորությունը անժխտելիորեն արտացոլված է այս կադրերից յուրաքանչյուրում: Լքված եկեղեցիների վրա կամարված ծիածանը, ամայացած փողոցներում խաղացող երեխաները, զինվորական հեղաշրջման ժամանակների կարգախոսներ՝ գրված հայկական որմնաքանդակ բնագրերի վրա, դատարկ տան մեջ սպասող լքված ճամպրուկ, որը կարծես հենց երեկ է այդտեղ թողնվել...»։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ մարտի 26-ը։ 01 02 03 04 05 06 07