Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՍ՝ ՀԵՐՔԻՐ

Տնտեսություն

Տեղեկությունները, թե գազի գինը մեղմելու նպատակով ռուսական «Գազպրոմ» ընկերությանն են անցել նաեւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում կառավարության 45 տոկոս բաժնետոմսերից 40-ը, չեն հերքվում: Հիշեցնենք, որ կառավարությունը «Գազպրոմին» էր վաճառել Հրազդանի ջերմակայանի 5-րդ էներգաբլոկը, ինչի արդյունքում ձեռք բերած գումարի զգալի մասն ուղղել է գազի գինը սուբսիդավորելուն:

Գործադիրի էներգետիկ պաշտոնյաներն ու վարչապետն առայժմ հայտարարում են, որ 188 մլն դոլարի դիմաց ռուսական կողմին են հանձնելու միայն Հրազդանի ՋԷԿ-ի էներգաբլոկը: «Գազպրոմ»-ի հետ կնքած պայմանագրով, սակայն, կառավարությունը 25 տարվա համագործակցության ծրագիր ունի, որով առանձնացվել են գազաէներգետիկ համագործակցության ռազմավարական սկզբունքները: Այդ 25 տարիներից ամենանշանակալին 2006-ն է լինելու: Գազպրոմը տեղեկացնում է, որ Հայաստանի կառավարության հետ կնքած վերջին պայմանագրով իրենց է փոխանցվելու Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը եւ մեջբերում ենք՝ «Հյաստանի գազի ոլորտի այլ օբյեկտներ»: Օբյեկտների ցանկը գաղտնի է պահվում, սակայն լղոզված տեքստով հաղորդվում է, որ այդ սեփականությունների փոխանցումը ռուսական ընկերությանը կավարտվի մինչեւ 2007թ. հունվարի 1-ը:

Մեր կառավարական բարձր պաշտոնյաները վերջերս պարբերաբար հայտարարում են, որ մինչեւ այս տարվա վերջ անպայման կսկսի գործել նաեւ Իրան-Հայաստան գազատարը: Այսինքն, «Գազպրոմ»-ի հետ կնքած պայմանագրում նախանշված ժամկետում պատրաստ կլինի նաեւ պետության ժամանակավոր սեփականություն հանդիսացող հերթական կազմակերպությունը, որը եւ հավանաբար պետք է անցնի ռազմավարական գործընկեր պետությանը:

Ամենաուշագրավ կետը, որ կա ՀՀ կառավարության եւ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքած պայմանագրում, հետեւյալն է. «Գործարքի վերջում Գազպրոմ ԲԲԸ բաժնեմասը ՀայՌուսգազարդ ընկերությունում կկազմի որակյալ մեծամասնություն»:

«ՀայՌուսգազարդ» ընկերությանը 45-ական տոկոսով բաժնետեր են ՀՀ կառավարությունն ու ՌԴ «Գազպրոմ» ընկերությունը, բաժնետոմսերի 10 տոկոսի սեփականատերը «Իտերա» ընկերությունն է: Թե որքանով են հավաստի վերջին լուրերը, որ կառավարությունը հիշյալ գործարքով ի օգուտ «Գապրոմ»-ի հրաժարվել է իր բաժնեմասի հիմնական մասից «ՀայՌուսգազարդ»-ում տեղյակ չեն: Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հաղորդեց, որ բանակցող կողմը կառավարությունն է եղել, եւ միայն այդ մարմինը կարող է հարցին որեւէ պատասխան տալ:

Այսինքն, «ՀայՌուսգազարդ»-ի պատասխանատուն բացարձակապես չհերքեց լուրը: Չհերքեց նաեւ կառավարության լրատվության պատասխանատու Մերի Հարությունյանը: Նա առավել քան դիվանագիտական պատասխան տվեց «Ա1+»-ին. «Այն, ինչ եղել է կառավարության որոշման մեջ, ես հաղորդել եմ բոլոր լրատվամիջոցներին: Բաժնետոմսերի վաճառքի մասին այնտեղ չկա»:

Բաժնետոմսերի եւ Իրան-Հայաստան գազամուղի վաճառքը, նույն գործարքով փուլ առ փուլ իրականացնելու մասին տեղեկություններ կարող են լինել միայն կառավարության դեկտեմբերյան որոշումներում, երբ կլրանա «Գազպրոմ»-ի հետ կնքած «գործարքի վերջի» ժամկետը: