Եվս երկու բնակարան՝ Գյումրիի անօթեւաններին
Գյումրեցի անօթեւան ընտանիքներին խոստացված ևս չորս բնակարաններից երկուսի հարցը լուծվել է: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «SOS Գյումրի» նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանը։ «Խոստացված չորս բնակարանից երկուսն արդեն իրականություն է»,-ասաց նա՝ հավելելով, որ բնակարանները նվիրատվություն անող անձը չի ցանկացել, որպեսզի բարձրաձայնվի իր անունը։ Ինչ վերաբերում է խոստացված մյուս երկու բնակարաններին, ապա նախաձեռնության անդամները հույս ունեն, որ դրանք առաջիկայում նույնպես կգնվեն եւ կնվիրաբերվեն գյումրեցի անօթեւաններին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում Արենն ասել էր, որ փաստացի արդեն 5 բնակարան կա գնված, 3-ի գումարը գոյացել է Երեւանում եւ Գյումրիում իրականացված դրամահավաքի արդյունքում, իսկ եւս 4 բնակարանի համար խոստում է տրվել: Ի դեպ, «SOS Գյումրի» թիմը դիմել է Crowdfunder կայքի ղեկավարությանը, որտեղ դրամահավաք էր նախաձեռնվել Գյումրեցի 13 անօթեւան ընտանիքի համար՝ խնդրելով բացառության կարգով թույլ տալ վերցնել հավաքված գումարը։ Այն կազմում է մոտ 27 հազար ֆունտ ստեռլինգ։ Հիշեցնենք, այդ կայքի պայմանն այն էր, որ պետք է 120 000 ֆունտ ստեռլինգ հավաքվեր, սակայն այս դեպքում բացառություն է արվել ու հավաքված գումարն ուղղվել է նպատակին։