A
A
ԿԸՀ-ն շտկել է ՔՊ-ի ընտրական ցուցակում կուսակցական և անկուսակցական թեկնածուների թվաքանակի վերաբերյալ վրիպակը
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 29-ին կայանալիք Բաղրամյան համայնքի ավագանու ընտրությունների շրջանակում դիտորդների կողմից բարձրաձայնվել է ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում կուսակցական և անկուսակցական թեկնածուների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանությունը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Տեղեկացնում ենք, որ արձանագրված անհամապատասխանությունը պայմանավորված է եղել տեխնիկական վրիպակով, որը նախապես վրիպել էր համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի ուշադրությունից։
Խնդիրը բարձրաձայնվելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել ոչ միայն վրիպակն ուղղելու վերաբերյալ դիմում, այլև փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ տվյալ թեկնածուները հանդիսանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա վրիպակն արդեն շտկվել է, և համապատասխան տեղեկատվությունը ճշգրտվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դիտորդներին՝ ցուցաբերած ուշադրության և խնդիրը բարձրաձայնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։