ԻՆՉՔԱՆ ԷՆԵՐԳԻԱ ՈՒՆԵՄ` ԲՈԼՈՐԸ ՌԴ-ԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին«Ըստ մեր իշխանությունների, որքան շատ էներգետիկ օբեյեկտներ վաճառենք, այնքան անկախ կլինենք: Էներգետիկայի ոլորտում իշխանությունների գործողությունները դուրս են տրամաբանությունից»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը:
Պարոն Աղաջոնովի կարծիքով գազի հարցում Հայաստանի իշխանությունները անտեսել են նույնիսկ բիզնեսի ամենատարրական պահանջը եւ բոլոր «հավկիթները» դրել Ռուսաստանի զամբյուղ: Նրա կարծիքով իրավիճակը բոլորովին այլ կլիներ, եթե էներգետիկայի որոտում մենք այլընտրանք ունենայինք: «Կարեւոր փաստարկն այն է, որ 5-րդ բլոկը մնում էր Հայաստանի սեփականություն եւ կառուցումն իր վրա էր վերցնում Իրանը՝ գազի յուրաքանչյուր խորոնարդ մետրի դիմաց ստանալով 3 կվտ էլեկտրաէներգիա: Այդ պարագայում Հայաստանը չէր կորցնի իր խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հրազադանի 5-րդ բլոկը: Մենք ոչ միայն մեր էներգիա արտադրող օբյեկտների 80 տոկոսը տվեցինք ՌԴ-ին, այլեւ՝ բաշխիչ ցանցերը»,- տնտեսագետը մտահոգված է, որ ՌԴ-ն տիրապետելով էներգիա արտադրող կառույցներին եւ ունենալով այդ էներգիան բաշխելու մենաշնորհ, կարող է վերածվել ուղղահայաց, կոշտ էներգետիկ կառույցի եւ ՀՀ-ին զրկել էներգետիկ անվտանգությունից:
Էդուարդ Աղաջանովը մեջբերելով «Գազպրոմ»-ի ինտերնետային կայքում տպագրված ապրիլի 6-ի հաղորդագրությունը նշեց, որ ՀՀ-ն իր բոլոր գազամուղները հանձնել է ՌԴ-ին. «Հայաստանը «Գազպրոմ»-ին է տալիս ոչ միայն 5-րդ բլոկը, այլեւ՝ կառուցվող 40 կմ ՄեղրիՔաջարանը եւ 192 կմ Հայաստան-Իրան գազամուղը: Ապրիլի 7-ին նույն կայքում հաստատվեց եւ մի փոքր քողարկված ավելացավ, որ 5-րդ բլոկից բացի ՀՀ-ն ՌԴ-ին է տվել նաեւ գազի ոլորտի այլ օբյեկտներ, որոնք կազմում են 82 տոկոսը: Այսինքն՝ «Հայռուսգազարդ»-ի 82-ի տոկոսը պատկանում է «Գազպրոմ»-ին: Դա նշանակում է, որ ՀՀ-ն վետոյի իրավունք չունի «Գազպրոմ»-ի որոշումների նկատմամբ»:
Պարոն Աղաջանովի կարծիքով այսուհետ ՀՀ-ի էներգետիկ կամ ազգային անվտանգության մասին խոսելը ծիծաղելի է. «ՀՀ-ն Ռուսաստանի ֆորպոստից վերածվեց կցորդի: Այս իրավիճակում անհեթեթ է էներգետիկայի նախարարություն ունենալը: Առաջարկում եմ այն կոչել Երեւան-Էներգո»: Անդրադառնալով ՊՆ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե գազի ոլորտում կնքած գործարքից հիմնականում դժգոհում են, նրանք կամ այն խումբը, որի մոտ «Ռուսաստան» բառը բացասական տրամադրություններ են առաջացնում. «ՀՀ-ի Էներգետիկ շուկայում ՌԴ-ն պետք է մասնակից լինի, սակայն ոչ մոնոպոլիստ: Ես հակառուսական տրամադրություններ չունեմ: Որեւէ մեկը չի կարող հերքել ՌԴ-ի դերը տարածաշրջանի էներգետիկ շուկայում: Մեր երկրի էներգետիկ անվտանգության շահերը պահանջում են, որ այլընտրանք ունենանք: Դա զուտ տնտեսագիտական մոտեցում է եւ այստեղ քաղաքական շահարկումներ փնտրելու կարիք չկա»:
Պարոն Աղաջանովը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ, հունվարի 1-ին ՌԴ-ն փակելով Ուկրաինա եւ Մոլդովա գնացող գազը՝ ապացուցեց, որ անվստահելի գործընկեր է: «Եվրոպան այլեւս չի վստահում ՌԴ-ին: Օրինակ, Բուլղարիան արդեն Եգիպտոսից գազ ներկրելու պայմանգիր է կնքել: Եվրոպան արդեն ավելի մեծ քանակով գազ է ներկրելու Հյուսիսային Աֆրիկայից եւ այլն»: Պարոն Աղաջանովի տեսակետներին այսօր որեւէ մեկը չհակադրվեց: Նրա ընդդիմախոսները հրաժարվել են ներկայանալ «Փաստարկ» ակումբ: