Բրյուսելում կորած հայ երիտասարդի մասին լուրը ԱԳՆ-ն չի հաստատում
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը ժամեր առաջ հայտնել էր, որ մարտի 22-ին Բրյուսելում կատարված ահաբեկչական գրոհի ընթացքում կորել է հայ երիտասարդ։ Նա շեշտել էր, որ տեղեկությունը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։ «Փորձում ենք ճշտել այս տեղեկությունը։ Դեռևս չկան տվյալներ այդ մարդու անվան մասին»,-շեշտել էր նա։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես նման տեղեկություն չեն ստացել։ «Մի աղջկա մասին կար տեղեկություն, որը ՀՀ քաղաքացի է։ Մենք տեղեկացանք, որ նրա ծնողները չէին կարողանում իր հետ կապ հաստատել, բայց երեք ժամ առաջ իմացանք, որ արդեն կապվել են իր հետ։ Այլ տեղեկություն մենք չենք ստացել։ Բրյուսելից էլ պաշտոնապես մեզ հայտնել են, որ զոհերի և վիրավորների մեջ ազգությամբ հայեր չկան»։