«ԻՐԱՆԸ ՀԱՇՎԻ Է ԱՌՆՈՒՄ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ ՓՈՐՁԸ»
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը կորցրեց իր հնարավորությունը Ռուսաստանի ճնշման տակից դուրս գալու համար: «Ռուսաստանի հետ պետք է խոսել իրեն հասկանալի լեզվով: Ես գտնում եմ, որ երբ Ռուսաստանը ասաց 110 դոլար, այդ դեպքում Հայաստանը պիտի ասեր՝ գազամուղի տրամագիծը մեծացնում եմ, հինգերորդ բլոկի համար պարսկական վարկը վերցնում եմ: Դե գնացեք, ինչ ուզում եք, արեք: Այսինքն՝ միանգամից պետք էր օգտվել առիթից եւ ճնշման տակից դուրս գալ»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նա կասկածում է, որ. «110 դոլարի մեջ նույնիսկ մերոնց խաղերն էլ կան, ես չեմ ուզում շատ խորանալ, քանի որ կընկնեմ ենթադրությունների գիրկը»: Նրան կասկածելու առիթ տվել է այն հանգամանքը, որ գազի գնի կայունության վերաբերյալ պայմանագրերը որպես կանոն կնքվում են 25 տարով, մինչդեռ Հայաստանի հետ կնքված պայմանագիրը 3 տարով է: Թեեւ Վազգեն Մանուկյանը չի կասկածում, որ բնակչության համար այս երեք տարիների ընթացքում գազի գինը հաստատ կբարձրանա:
«Հայելի» ակումբի մյուս հյուրին՝ ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանին, այնքան չի մտահոգում Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի վաճառքը, որքան Իրան-Հայաստան գազամուղը Ռուսաստանին հանձնել, երբ ակնհայտ է, որ վերջինս 2001թ-ից որակապես փոխել է իր արտաքին քաղաքականությունը եւ իբրեւ զենք արդեն օգտագործում է էներգակիրները: Ըստ նրա, կարեւորն այն չէ, թե ովքեր են արտադրում էներգիան, այլ թե ում հումքով է արտադրվում էներգիան: Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է անպայման կառուցի երկրորդ ատոմակայան եւ «ցանկալի է, որ այն չլինի ռուսական վառելիքով»:
Իսկ ինչ վերաբերվում է Իրան-Հայաստան գազամուղին, ապա , ըստ նրա, Հայաստանը չպետք է թույլ տա որեւէ երրորդ կողմի մասնակցությունը այդ ծրագրին: Խոսրով Հարությունյանը կարծում է, որ երբ այս գործարքը քննարկվի ԱԺ-ում, եւ պետք է՝ ըստ օրենքի, օրենդիրները մերժեն այն: Աժ նախկին նախագահը մեղադրեց ներկայիս խորհրդարանականներին, որ գործադիր իշխանության համար թիկունք չեն եւ ընդհանրապես ոչինչ չեն անում: Օրինակ՝ ԱԺ-ը կարող է օրենք ընդունել, որով կարգելվի պետական գույքի օտարումը օտար պետությանը եւ դրանով կկանխվեն նման գործարքները:
«ԱԺ չկա. ի՞նչ Է ԱԺ-ը, ուղղակի Քոչարյանի ձեռքին խաղալիք»,- հայտնեց Վազգեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ եթե նույնիսկ Խոսրով Հարությունյանը լիներ խորհրդարանում, ոչինչ էլ չէր կարող անել: ԱԺՄ նախագահը կարծում է, որ ընդդիմությունը թույլ է, այդ իսկ պատճառով չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայներ՝ խորհրդարանում գազի սակագնի բարձրացման հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: «Ինչու՞ վերջին գործարքին չարձագանքեց իրանական կողմը», - հարցրեց լրագրողներից մեկը: Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Իրանն ու Ռուսաստանը բանակցությունների համար այլ ասպարեզ ունեն, իրենք իրար հետ են խոսում, բացի այդ. «Իրանը հաշվի է առնում Արշակ Սադոյանի փորձը»: «Կարա ասի, բա հետո՞...»,- բացատրեց նա: