Լեւոն Արոնյանը պահպանում է հաղթելու հնարավորությունը (տեսանյութ)
Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր կայացավ 12-րդ տուրը: Այն անչափ վճռորոշ նշանակություն ուներ մեր գրոսմասյտեր Լեւոն Արոնյանի համար: Նա սեւերով հանդիպեց մրցաշարի առաջատարներից մեկի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտության դեպքում նա միանշանակ զրկվում էր առաջին տեղ գրավելու հնարավորությունից, իսկ հաղթանակը, հակառակը, նրան դարձնում էր գլխավոր հավակնորդներից մեկը: Սակայն լարված պայքարում անցած պարտիան 67-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքիով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 6 միավոր եւ տեսականորեն դեռեւս պահպանում է առաջին հորիզոնականը գրավելու շանսերը: Հաջորդ, 13-րդ տուրում, մեր շախմատիստը սպիտակներով հանդիպելու է մրցաշարի առաջատարներից մեկի՝ Սերգեյ Կարյակինի հետ, որն ունի 7 միավոր: Վերջին, 14-րդ տուրում, նա սեւերով մրցելու է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որին վստահ հաղթել է առաջին շրջանում: Հաղթանակների դեպքում Լեւոն Արոնյանը կարող է հավակնել առաջին տեղին, եթե, իհարկե, միավորներ կորցնեն առջեւում գտնվող մյուս երկու շախմատիստները՝ Ֆաբիանո Կարուանան (7 միավոր) ու Վիշի Անանդը (6,5 միավոր): Հավասար միավորներ հավաքելու դեպքում առաջատարները անցկացնելու են լրացուցիչ մրցամարտ կամ մրցաշար: