Վարչապետը դեռ չի որոշել՝ գնա՞ Մոսկվա, թե ոչ. Արմենպրես
Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ ՀՀ վարչապետը դեռևս վերջնական որոշում չի կայացրել. Գոհար Պողոսյան Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու հարցի առնչությամբ «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանին: Հարց. «Արդյոք կա՞ որոշում, Երևանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին»: Պատասխան. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա: Պարոն Աբրահամյանը նշել է նաև, որ եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»: Իսկ այն հարցին՝ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է առաջիկա նիստին, թե՞ ոչ՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահի դրությամբ վարչապետը դեռևս որոշում չի կայացրել: