Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Մարզեր

Շիրակի մարզում նկատվում է սրտանոթային հիվանդությունների թվի աճ: Ըստ մարզային հիվանդանոցի կարդիոռեւմատոլոգիական բաժանմունքի վարիչ Արթուր Ստեփանյանի, ընթացիկ տարվա երեք ամիսների ընթացքում հիվանդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ութսունով:

Ընթացիկ տարվա հունվարից մինչ օրս մարզային հիվանդանոցի կարդիոռեւմատոլոգիական բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 280 մարդ: Հիվանդների թվի կտրուկ ավելացում արձանագրվել է հատկապես վերջին մի քանի օրերին:

Մասնագետներն երեւույթը պայմանավորում են եղանակային կտրուկ փոփոխություններով: Հիվանդների գերակշիռ մասը հիվանդանոց է գալիս հիպերտոնիկ կրիզի բարդացած ձեւերով՝ սուր սրտային անբավարարության, սրտամկանի ինֆարկտի եւ սրտի ռիթմի խանգարումներով:

Սրտաբանները արձանագրում են մեկ կարեւոր փաստ: Վերջին շրջանում սրտային հիվանդությունները գերակշռում են նաեւ կանանց մոտ: Եթե մի քանի տարի առաջ այս հիվանդություններով հիվանդացող վեցից մեկն էր կին, ապա այժմ ավելացել է նաեւ հիվանդ կանանց թիվը:

Իսկ հիվանդության երիտասարդացում առավելապես նկատվում է տղամարդկանց մոտ: Երեք ամիսների ընթացքում սրտանոթային հիվանդություններից հիվանդանոցում արձանագրվել է մահացության հինգ դեպք, նրանցից երկուսը մահացել են խրոնիկ սրտային անբավարարության պատճառով:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ