«Չորսով քառասունի դեմ ենք պայքարել». զինվոր (տեսանյութ)
Ապրիլի 2-ին ամենավտանգավոր կետերից մեկում՝ Թալիշում մարտնչած զինծառայողն «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են զարգացել դեպքերը։ Արամն անձամբ մասնակցել է դիրքերը ետ վերադարձնելու գործին. «Ամսի 4-ի առավոտյան բարձրացել եմ նորից մեր դիրքեր, էլի դիրք կար, որ ետ վերցնեինք, օգնության մեկնեինք մեր 18 տարեկաններին, սկսվեց արկերի տարափ։ Ես վիրավորվել եմ արկից»։ Բեկորը հեռացված է, բժիշկները նրան վստահեցրել են՝ լիովին կապաքինվի և կարող է վերադառնալ ծառայության։ Հիմա միտքը սահմանին կանգնած ընկերներն են։ Բայց ուրախ է, որ կարողացան արժանի հակահարված տալ հակառակորդին, ինչն ադրբեջանցիները չէին սպասում. «Այն կարգով, որ չորսը քառասունի դեմ պայքարի»։ Զինծառայողը շեշտեց. հակառակորդը նախապես է ծրագրել գործողությունները. «Գաղտնի, ծածուկ են նախապատրաստվել, քանի որ եթե ծածուկ չլինեին, հաստատ մեր դիրքապահները նկատած կլինեին։ Մեր դիրքապահները միշտ արթուն են, միշտ զգոն են»։ Արամն ուրախ է նաև այս օրերին ժողովրդի համախմբման համար. «Երևի ոչ ոք չէր սպասում, արդեն չկար այն հավատը, որ մեր ազգը կարող է այսպես միասնական լինել։ Ամեն մեկը, թեկուզ իր մի չնչին օգնությունը ցուցաբերելով, ապացուցեցինք, որ մենք միասին ենք»։