Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԴԺՎԱՐ ԹԵ ԿԱՌՈՒՑՎԻ

Տնտեսություն

Ամերիկայի կառավարությունն առանձնապես շահագրգռված չէ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցում: Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի այսօրվա նիստի ավարտին ամերիկացի պաշտոնյաները լրագրողներին փոխանցեցին իրենց երկրի դիրքորոշումը, որ առանձնապես ոգեւորված չեն հայկական նոր ատոմակայանի ստեղծման հեռանկարով:

Աշխատանքային խմբի համանախագահող, ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ կառավարության Եվրոպայի եւ Ասիայի օգնության համակարգող Թոմ Ադամսն ասաց. «Այս պահի մեր դիրքորոշումն այն է, որ ավելի լավ այլընտրանք կա երկորդ ԱԷԿ-ին, կողմնակից չենք նորի կառուցմանը` հաշվի առնելուվ Հայաստանի սեյսմիկ անկայութնությունը, ոչ վաղ անցյալում գրանցված հզոր երկրաշարժը»:

Հայաստանում ԱՄՆ արտալկարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսն այս առումով սրտացավություն հայտնեց.«Հասկանում ենք Հայաստանի վիճակը, որ կարիք ունի էներգետիկ դիվերսիֆիկացման»: Այնուհետեւ անցնելով իրանական թեմային` վստահեցրեց, թե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի այն պետություների նկատմամբ, որոնք չափից ավելի շատ ներդրումներ կկատարեն Իրանի միջուկային ծրագրերում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որը նույնպես այս խմբի հայկական կողմի ղեկավարն է, ասաց, թե ամերիկացիների հետ բոլոր հարցերը իրոք քննարկել են «սրտացավ, ազատ եւ բաց»: Նա, սակայն, արտասահմանցի գործընկերների հայտարարություններին տրամագծորեն հակադրվող պնդումներ արեց:

«Այս նիստին ներկա էր նաեւ էներգետիկայի փոխնախարարը: Նա ամերիկյան կողմին վստահեցրեց, թե որ օրը փակվի ատոմակայանի երկրորդ բլոկը, մյուս օրը պիտի բացվի նոր ատոմակայանը»: Ընդ որում, նախարարը գերազանցեց լավատեսության բոլոր սահմաններն ու վստահեցրեց, որ գործող 440 մեգավատ հզորությամբ կայանի փոխարեն կառուցվելու է 1000 մեգավատ հզորությամբ բլոկը:

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը 12-րդն էր: Խումբն ստեղծվել է 6 տարի առաջ, նիստեր է անում տարեկան երկու անգամ` Երեւանում եւ Վաշինգտոնում: Հնարավոր է` այսուհետ երկուսն էլ Հայաստանում գումարվեն, ինչի արդյունքում բյուջետային ծախսերը կկրճատվեն. նման հեռանկար կանխատեսեց ՖԷ նախարարը: Իսկ այսօրվա օրակարգում եղել է Հայաստանի ժողովրդավարացումից սկսած, Հազարամյակի մարտավերներով շարունակած` մինչեւ հարկային-մաքսային ոլորտի բարեփոխումները քննարկելը:

Խոսել են նաեւ գյուղատնտեսության, գիտության-կրթության, դատական համակարգի մասին: Նիստին հաջորդած ասուլիսում Թոմ Ադամսը նույնպես նկատեց. «Քննարկումները հիմնականում տաք են եղել»: