Ողնաշարի վնասվածք ստացած զինվորի ծնողները բանակցում են արտերկրի մասնագետների հետ
Մեկ ամսից ավելի է՝ ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված 19-ամյա Արման Լազգիյանը Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։ «Փամփուշտը մտել է Արմանի կերակրափողը, ողնաշարից դուրս եկել։ Հիմա առկա է ողնուղեղի, շնչափողի, կերակրափողի և ողնաշարի վնասվածք։ Բացի այդ, սրտի, թոքերի, 12-մատնյա աղու և այլ օրգանների տարաբնույթ բարդություններ կան։ Նրան վիրահատություններ և երկար բուժում է անհրաժեշտ»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։ Նա այժմ բանակցում է Գերմանիայի մի քանի կլինիկաների հետ՝ որդու հետագա բուժումն այնտեղ կազմակերպելու համար։ «Ինչ կարողացել, այստեղ արդեն արել են բժիշկները, հիմա անհրաժեշտ է Արմանին արտերկիր տանել»,-շեշտեց նա։ Որքա՞ն գումար է անհրաժեշտ Արմանի հետագա բուժման համար, հայրը նշեց. «Մոտավորապես 100.000 եվրո է պետք»։ Արման Լազգիյանը նախորդ տարվա հուլիսին է զորակոչվել բանակ։ Այս տարվա հունվարին նրան շնորհվել է կրտսեր սերժանտի կոչումը։ Զինվորը վիրավորվել է ապրիլի 7-ին՝ Թալիշում։ Ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել են Մարտակերտ, որտեղ բժիշկներին հաջողվել է վիրահատական միջամտությամբ թե կասեցնել կյանքին սպառնացող առաջնային վտանգները և թե դուրս բերել կոմային վիճակից: Հետո Արմանին տարել են Ստեփանակերտ, որտեղից էլ ապրիլի 8-ին ուղղաթիռով տեղափոխել Երևան։ Զինվորը 4 վիրահատություն է արդեն տարել՝ ողնաշարի, 12-մատնյա աղու և ստամոքսի հատվածներում: Այսօր Արմանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. առկա է շնչափողի, կերակրափողի, ողնաշարի, ողնուղեղի, սրտի, թոքերի, 12 մատյա աղու և այլ օրգաների տարաբնույթ բարդություներ: Զինվորին աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. HSBC բանկ. AMD 006057517001 RUB 006057517103 EUR 006057517102 USD 006057517101 Ստացող՝ Արման Լազգիյան