Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐԸ ՀՈՍՈՒՄ ԵՆ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Տնտեսություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից Մի քանի տարի առաջ այս խողովակները (տես` նկարը) կարելի էր տեսնել Սեւանա լճին հարող տարբեր տարածքներում: Դրանք մասն էին «օղակաձեւ կոլեկտոր»-ի, որը Սեւան մտնող գետերն ու գետակները պետք է մաքրեր աղտոտող նյութերից: Կոլեկտոր դեռեւս չի կառուցվել, իսկ խողովակներն էլ իբրեւ հուշ մնացել են միայն լուսանկարների վրա: 4 հազար տոննա գոմաղբ, 80 տոննա ֆոսֆատներ, 290 տոննա նիտրատներ եւ ավելի քան 115 տոննա նավթամթերք: Այսքան կեղտաջուր տարեկան լցվում է Սեւանա լիճ, այն էլ միայն մակերեւութային ջրերի միջոցով: Իրականում լիճ է թափվում ավելի շատ քանակությամբ կեղտաջուր, քանի որ Հայաստանի 32 մաքրիչ կայաններից աշխատում են առավելագույնը երկուսը: «Գավառ քաղաքի կոյուղին բացվում է Գավառագետ, չունենք մաքրման կայան, անգամ մեխանիկական մաքրման հնարավորությունները ժամկետանց են եւ անբավարար: Փաստորեն, մենք Սեւանի լիճ բաց ենք թողնում տնտեսա-կենցաղային կեղտաջրեր, որոնք լիարժեք մեխանիկական մաքրման չեն ենթարկվում, էլ չենք խոսում մանրէաբանական եւ քիմիական մաքրման մասին»,- ասում է ՀՀ Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի առաջատար մասնագետ Ժաննա Մակարյանը: Սեւանա լիճ թափվող գետերն ու գետակները 28-ն են, որոնք տարեկան միջին հաշվարկով լիճ են տեղափոխում 780 միլիոն խորանարդ մետր ջուր: Նորմալ կոյուղագծեր այսօր չունեն Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներն ու Վարդենիկ գյուղը, որտեղից կեղտաջրերը գնում են դեպի Սեւանա լիճ: Այդ բնակավայրերի կոյուղագծերի կառուցման անհրաժեշտության մասին խոսվում է 5 տարուց ավելի, բայց որեւէ ներդրում այդ ուղղությամբ դեռ արված չէ: Առավել վտանգավոր է մեկ փաստ: Գավառագետ են թափվում նաեւ Մարտունու եւ Գավառի ինֆեկցիոն հիվանդանոցների կեղտաջրերը: Մաքրման կայանների բացակայության պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե համաճարակների բռնկման ինչ հավանականություն կա այս դեպքում: Սեւանի համար խնդիր է նաեւ այն, որ բացի կոյուղագծերից մի շարք բնակավայրերում չկան նաեւ հատուկ աղբավայրեր: Դրա պատճառով աղբը տարերայնորեն հավաքվում է ամենուրեք, իսկ հետո, անձրեւների եւ ձնհալի ժամանակ «հոսում» Սեւանա լիճ: ՀՀ բնապահպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ մաքրիչ կայանների վերականգնման ծրագիրը նախարարության գործառույթների մեջ չի մտնում: «Նախարարությունը կազմել է ծրագիր, որպեսզի Սեւանի ավազանը հնարավորին չափ քիչ աղտոտվի: Ծրագիրը բավական խոշոր գումարներ էր պահանջում, առայժմ այն թղթի վրա է: Մոտավորապես 20 միլիոն դոլարի ներդրման խնդիր կա: Մարտունի, Վարդենիս, ավառ քաղաքներներում պետք է ուսումնասիրություններ արվեր եւ հիմնավորում տրվեր, որից հետո սկսվեին աշխատանքներ գյուղական համայնքների՝ կեղտաջրերի հավաքման ուղղությամբ, ընդհուպ մինչեւ Ջերմուկ քաղաքում կայան պետք է կառուցվեր»,- ասում է Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը: Ի դեպ, 2006 թվականին Բնապահպանության նախարարության ծրագրային գերակա խնդիրների ցանկում կա մի կետ, որն ասում է. «Կեղտաջրերի մաքրման կայանների վերականգնման եւ նորերի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների կազմում»: Իսկ ի՞նչ է արվում խնդիրը գործնականում լուծելու համար: Արծրուն Պեպանյանն ասում է,որ այս պահին ընդամենը վիճակն է ուսումնասիրվում եւ գնահատվում, եթե միջոցներ լինեն կամ եթե պետությունը հարստանա եւ միջոցներ տա, ապա միայն այդ դեպքում Սեւանը կփրկվի կեղտաջրերից: Այս ամենին պարոն Պեպանյանը հավելեց միայն, որ կառավարությունը վերջերս ընդունել է որոշում, ըստ որի. « Սեւանի ափին, եթե անհատ անձինք կամ իրավաբանական անձինք ստեղծում են որոշակի կառույցներ` սպասարկման կետեր, հյուրանոցներ, տուրիստների սպասարկման կառույցներ, իրենք արդեն կառավարության որոշումով պարտավոր են այնպիսի կառույց ստեղծել, որ կեղտաջրերը չլցվի Սեւանի մեջ: Այսինքն` կեղտաջրերի հավաքման ինչ -որ հարմարանք, ասենք, ամբար կառուցեն եւ այլընտրանքային մեխանիզմներով տեղափոխեն: Արգելվելու է Սեւանա լիճ այդ բազում հանգստյան տներից կեղտաջրերի ներթափացումը»: Լենա ԲԱԴԵՅԱՆ