Շինտեխնիկան դուրս է բերվել Գեղարդալճի տարածքից
Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով այլ համայնքներ տեղափոխելու համար սկսված շինարարությունը դադարեցվել է եւ շինտեխնիկան այսօր դուրս է բերվել Գեղարդալճի մոտից՝ տեղափոխվելով այլ տարածք: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գողթ համայնքի բնակիչ Վահրամ Սեդրակյանը, այսօր իրենք անձամբ են տեսել շինտեխնիկայի դուրս բերելը եւ որոշել են երեկվանից սկսած ակցիան դադարեցնել՝ չնայած ամեն առավոտ հավաքվելու են եւ քննարկելու իրենց անելիքները: Հիշեցնենք, որ երեկ ամբողջ օրը Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչները փակել էին Գողթ-Գեղարդ ճանապարհը: Նրանք պահանջում են չեղարկել ծրագիրը, ըստ որի Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով պետք է տեղափոխվի Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ եւ Հացավան համայնքներ: Երեկ գողթեցիներին հանդիպել էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ որոշվել է երեքշաբթի օրը քննարկումներ սկսել: «Մենք քննարկումը կազմակերպելու ենք այն վայրում, որտեղից որ փակել էինք ճանապարհը: Չենք պատրաստվում որեւէ անկյունում, սենյակում կամ դահլիճում քննարկում կազմակերպել»,- ավելացրեց Վահրամ Սեդրակյանը: Նա միաժամանակ ավելացրեց, որ գողթեցիները նահանջող չեն եւ իրենց պահանջը ծրագրի չեղարկումն է: