Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԴԱՌՆԱ ՄՈՒԼՏԻ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԳՐՈՒՊ

Տնտեսություն

Հանրապետության գազաֆիկացումը 2008թ. փոխարեն «ՀայՌուսգազարդը» մտադիր է ավարտել հաջորդ տարի: 2007թ. Հայաստանը կունենա 86% գազաֆիկացում:

Այդ ցուցանիշը, ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանի բնորոշմամբ, աննախադեպ է ոչ թե արդեն հետխորհրդային հանրապետություններում, այլ՝ ամբողջ աշխարհում: Իսկ այսօր մեր երկիրը ամենագազաֆիկացվածն է տարածաշրջանում:

Դրանով մեր բնակչությունն անցյալ տարի տնտեսել է մոտ 80 մլն, այս տարի կտնտեսի շուրջ 160 մլն դոլար: Սա Կարեն Կարապետյանը բացատրում է նրանով, որ գազը ամենաձեռնտու էներգակիրն է, 2-3 անգամ էժան է վառելափայտից, կերոսինից, էլեկտրաէներգիայից, եւ սպառողների քանակի տարեկան աճը մեխանիկորեն հանգեցնում է ավելի մեծ թվով քաղաքացիների բյուջեի տնտեսման:

Դրանով հանդերձ, ընկերությունն ապրիլի 1-ից օգոստոս հայտարարել է գազահաշվիչի տեղադրման 40 000 կանխավճարի համաներում, իսկ ներտնային մոնտաժի փող չունեցող քաղաքացիներին հնարավորություն է տալիս բանկերից պարտքով փող վերցնել. Կարապետյանն արդեն երկու բանկի հետ պայմանավորվել է:

Նա այսօր տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած կլոր սեղանի հյուրն էր: Ներկայացրեց «ՀայՌուսգազարդի» միջնաժամկետ ծրագրերի համառոտ պատկերը, որոնցից կարել է արդեն ենթադրել, որ երկու-երեք տարի հետո հայ-ռուսական այդ կառույցը կդառնա Հայաստանի, Անդրկովկասի ամենահզոր ու բազմաֆունկցիոնալ, իսկ աշխարհի հզորագույն ֆիրմաներից մեկը:

Առաջին հայացքից ՀայՌուսգազարդն ընդամենը Ռուսաստանից գազ է գնում ու վաճառում Հայստանի նման փոքր շուկա ունեցող երկրի սպառողներին: Սակայն տնօրեն Կարապետյանի այսօրվա ժլատ բացահայտումներից կարելի է շատ բան հասկանալ:

Այսպիսով. մեր երկրի գազապահեստարանների տարողությունը շուտով մեծանալու է՝ մինչու 110 մլն խմ տարողություն ու նույնիսկ տարածաշրջանին սպասարկելու հայտ ներկայացնի, դրա համար պետք է ընդամենը 25-30 մլն դոլար:

Մինչեւ հունիս-հուլիս ընկերությունը կավարտի Իրան-Հայաստան գազատարի առաջին փուլի կառուցումը, կմիացնի իր համակարգին, եւ դրանից հետո կմնա միայն եղած խողովակների թողունակության բարձրացումը:

Շատ մետաղական խողովակներ արդեն փոխարինվել են պոլիէթիլենայինով, իջեցվել գետնի տակ, եւ եթե նոր տեխնոլոգիան սկզբում մենք էինք Ռուսաստանից սովորում, արդեն մերոնք են փորձի փոխանակման դասեր տալիս այդ երկրի մասնագետներին:

Ընկերությունն այս տարի կվերանորոգի իր օֆիսը, որոշ կարիքավոր աշխատողների բնակարան կհատկացնի: Պայմանագիր է կնքել 4 ուսանողի հետ, որոնք կավարտեն ՌԴ նավթի եւ գազի պետական ինստիտուտն ու Հայաստանում կտեղավորվեն աշխատանքի: Կարապետյանը հատուկ նշեց, որ այդ ինստիտուտն ընդամենը 16 անվճար տեղ է տարեկան ունենում, որից 4-ը մեր երկրի ուսանողներին է հատկացվել:

Եվս 10 մասնագետ լրացուցիչ դասավանդումների են մասնակցում պոլիտեխնիկի ջերմագազամատակարարման եւ օդափոխության ամբիոնում, իրենց մոտ կտեղավորվեն աշխատանքի:

«ՀայՌուսգազարդն» ունի նաեւ ուրիշ բիզնեսներ. տարեկան 4.5 մլն-ից ավելի արժեքի էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին, Երեւանի Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում իրականացնում է ջեռուցման ծրագիր:

Արդեն երկու տարի աշխատում է շահույթով, եւս երկու տարի անց մտադիր է դուրս գալ միջազգային շուկա, բացել ընկերությունը եւ բորսաներում վաճառել լիկվիդային բաժնետոմսեր:

Ընդ որում, Կարապետյանն արդեն վստահ է, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը կանոնադրական կապիտալից այսօր էլ թանկ կվաճառվեն, քանի որ ընկերության հեռանկարը խիստ գրավիչ է: Այդ հեռանկարների թվում Վրաստանի ողջ էներգետիկ ոլորտը ձեռք բերելն է, մյուս ծրագրերի մասին կազմակերպության ղեկավարը չխոսեց.

«Առայժմ չեմ ուզում ասել, որ խանդ չառաջացնեմ»,- պատճառաբանեց նա: Հիշեցնենք, որ տարիներ առաջ «ՀայՌուսգազարդի» 10% փայատեր «Իտեռա» ընկերությունը պարբերաբար փորձում էր կանոնադրական կապիտալի բաժնեչափով՝ 28 մլն-ով վաճառել իր ակցիաները, սակայն ոչ մի անգամ դրանց նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող չեղավ, անգամ հիմնական փայատերերի կողմից:

ԻՆՉ ԳԻՆ ԿՈՒՆԵՆԱ ԳԱԶԸ ՍՈՒԲՍԻԴԻԱՅԻ ԺԱՄԿԵՏԻՑ ՀԵՏՈ

«ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն աննախադեպ հաջողված գնահատեց Հրազդնի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը ռուսական «Գազպրոմին»: Կարծում է, որ այդ քայլով կառավարությունը երկրի արտադրողին մրցունակ մնալու շանս տվեց, իսկ քաղաքացիների սոցիալական լարվածությունը մեղմեց:

Լրավճարման եռամյակից հետո մենք դարձյալ կմնանք մրցունակ երկիր, քանի որ այս ընթացքում կկարգավորվի գազի գնի ագրեսիվացած շուկան: Սրանք պարոն Կարապետյանի կանխատեսումներն են: Նա 2010թ. հեռանկարին շատ հանգիստ է վերաբերվում, բայց ոչ՝ այն ենթադրությամբ, թե այդ տարի էլ Հայաստանը մի բան կգտնի վաճառելու եւ ապրանքի գին սուբսիդավորելու:

«Հնարավոր է, որ 2009 թվականից հետո գազը դառնա, ասենք, 130 դոլար, չէ՞, բայց հիշեք, թե տասը տարի առաջ ինչ արժեք ուներ 100 դոլարը, եւ ինչ արժեք ունի հիմա»,- բացատրեց Կարապետյանը՝ ակնարկելով, որ մեր տնտեսությունը պետք է օգտվի այս տարիներին ընձեռնված հնարավորությունից, ճիշտ կառավարվի, ստեղծի էներգետիկայի այլընտրանքային աղբյուրներ, առաջ անցնի հարեւաններից ու լիարժեք պատրաստ լինի 2010թ. նոր թանկացումներին:

Ընդ որում, այլընտրանքային էլեկտրաէներգիա արտադրելու համար, Կարեն Կարապետյանի կարծիքով, ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծել է բավականին գայթակղիչ պայմաններ: «Արդեն ոչ թե պետությունն է պոտենցիալ ներդրողին գտնում, խնդրում՝ թե ՀԷԿ կառուցիր, այլ ներդրողն է շուկա ման գալիս, պահանջարկը գերազանցում է առաջարկին»,- ուրախությամբ հայտնեց նա:

Ի դեպ, 100 դոլարն այսօր արժե արդեն ընդամենը 43689 դրամ: