Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ պատանին տարբերվում է լեզվի իմացությամբ (տեսանյութ)

Հասարակություն
Siriahay-nkar

14-ամյա Հարութ Մինասյանն, ի տարբերություն իր հասակակից շատ սիրիահայերի, խոսում է արևելահայերեն։ «Մայրիկս էլ էր այդպես խոսում։ Դրա համար ինձ մոտ հեշտ ստացվեց»,-«Ա1+»-ին ասաց նա։ Հարութի ընտանիքը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան։ Նա հաճույքով է պատմում այստեղի կյանքի մասին. «Բոլորը մեզ նորմալ ընդունեցին, ոչ մի խտրականություն չէին դնում»։ Միակ դժվարությունը ռուսաց լեզուն հաղթահարելն է եղել. «Սովորում եմ թիվ 122 դպրոցում, որը ռուսական թեքումով է։ Դրա համար էլ ռուսերենը մի քիչ դժվար եղավ մոտս, բայց օգնում էին։ Դրա համար էլ կարողացա հաղթահարել»։ Նա այլ սիրիահայ երեխաների հետ, այսօր մասնակցում էր «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության նախաձեռնած ֆոտոցուցահանդեսին։ Այն նվիրված է Փախստականների համաշխարհային օրվան։ «Սեյվ դը չիլդրեն»-ի միջոցով Հարութը հասցրել է ծանոթանալ հայրենիքի տեսարժան վայրերից շատերին. «Օրինակ Գեղարդը, Գառնու հեթանոսական տաճարը, տառերի պուրակը»։ Հարութն ապագա ատամնաբույժ է։ Հույս ունի, որ հայրենիքում հեշտությամբ կկարողանա աշխատանք գտնել և այլևս ստիպված չի լինի այլ երկիր տեղափոխվել։