Լեւոն Բարսեղյան. «Ավելի լավ է՝ իշխանություններն առնեն իմ գիրքը» (տեսանյութ)
Այսօր՝ հունիսի 24-ին, ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը: Այն հեղինակի առաջին գիրքն է, որը լույս է տեսնում, իր խոսքով, 20 տարի ուշացումով: «Ա1+»-ի հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, որ շատ վաղուց է գրում, սակայն միայն այս տարվա հունվարին որոշեց, վերջապես իր հարյուրավոր պատմվածքներից երեսունը մեկտեղել մեկ գրքի մեջ: «Գրքում անձնական հուշեր կան, սիրապատումներ, քաղաքական պատմվածքներ եւ պարզապես պատմվածքներ, որոնք լսել եմ տարբեր տեղերից եւ համարել, որ արժեն, որպեսզի պատմվածքի վերածվեն»,-նշեց նա: Գրքի նկարազարդման հեղինակը նույնպես Լեւոն Բարսեղյանն է: Իր խոսքով՝ նկարում է յոթ տարեկանից. «Կոնֆերանսների ժամանակ, երբ հեռվից նայում են, բոլորին թվում է, թե ես ինչ-որ բան եմ գրում, բայց իրականում ես նկարում եմ: Մտածեցի՝ ափսոս են այդ նկարները»: Հեղինակն ասում է՝ իր գրքով չի փորձում մշակութային հեղափոխություն անել, ոչ էլ «միլիոններ աշխատել», բայց կատակով նշում է՝ եթե այս գրքի պատճառով չսնանկացավ, ապա կշարունակի գրել, հակառակ դեպքում՝ կզբաղվի քաղաքականությամբ, որպեսզի հարստանա. «Ավելի լավ է՝ իշխանությունները առնեն այս գիրքը, որպեսզի ես չմտնեմ քաղաքականություն»,- «սպառնաց» նա: Մանրամասները՝ տեսանյութում