Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ ՀԵՏ

Տնտեսություն

Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) լուրջ հեռանկարներ է կապում հայաստանյան բանկերից մեկի` Հայէկոնոմբանկի հետ, նույնիսկ ցանկանում է հետագայում մասնակցել ընկերության կառավարմանը: Այդ ծրագիրը կորպորացիան որոշել է իրականացնել հետաքրքիր սկզբունքով. շուտով ՄՖԿ-ն Հայէկոնոմբանկին 2 մլն դոլար վարկ կտա, սակայն դրա վերադարձ չի պահանջի: ՄՖԿ-ն կսպասի այն օրվան, երբ «էկոնոմը» կմեծացնի կանոնադրական կապիտալը, այդ 2 մլն-ը կներառի կապիտալում եւ ֆինկորպորացիային կդարձնի իր փայատերը:

Հայէկոնոմբանկում փայատեր է նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, սակայն ՄՖԿ-ի մտադրությունն իրենց համար շատ պատվաբեր համարեց բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը: Այսօր նա Հայէկոնոմբանկի դահլիճում մեկ պայմանագիր եւ երկու հուշագիր ստորագրեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Առաջինը 1 մլն դոլարանոց էժան` 1,5 տարեկան տոկոսադրույքով վարկ է, որն ավելի բարձր` 6-9 տոկոսվ իրենք տալու են մանր-միջին բիզնեսով զբաղվողներին: Երկրորդը հուշագիր է այն մասին, որ շուտով ՄՖԿ-ն Հայէկոնոմբանկին կտա եւս 2 մլն դոլարանոց վարկ, եւ որի ուղիղ կեսը կուղղվի հիպոթեքային վարկավորմանը, իսկ երրորդ հուշագիրը «ապագայում բանկի փայատեր դառնալու վարկի» մասին է:

ՄՖԿ-Սուքիասյաններ համագործակցությունը սրանով չսահմանափակվեց. Համաշխարհային բանկի այդ ֆինանսական ստորաբաժանումը որոշել է 5 մլն 200 հազար դոլար էլ «Նարեկ» ընկերությանը տալ: «Սիլ» կոնցեռնն ու ՄՖԿ-ն միասին կինոթատրոնի վրա կծախսեն 10 մլն դոլար եւ կստեղծեն, իրենց բառերով, տարածաշրջանում նախադեպը չունեցող առեւտրային-ժամանցային համալիր: Այս վստահությունը լրագրողներին փոխանցեց «Նարեկ» ՍՊԸ տնօրեն Արման Զարգարյանը: Նա ասաց, որ կինոթատրոնի արտաքին տեսքը չի փոխվի, իսկ դրան հարող բացօթյա տոնավաճառի տարածքում շենք կկառուցվի: Այսպիսով, Միջազգային ֆինանսական կորպորացիան Սուքիասյանների ընտանիքի հետ շուրջ 10 մլն 200 հազար դոլարի համագործակցության մեջ է մտել, եւ դրա շնորհանդեսը փորձել էին բավականին ներկայացուցչական կազմակերպել: Պայմանագրի ստորագրմանը ներկա էին ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, նախագահի գլխավոր տնտեսական խորհրդատու Վահրամ Ներսիսյանցը, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրանք շնորհանդեսին հաջորդած ճեպազրույցին որեւէ բառ չասացին եւ արարողությունից հետո հեռացան: