ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԲԵՐԵՐ ԳՆԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դրամի արժեւորման հիմնական պատճառ համարում է օտարերկրյա տրանսֆերտների մեծ ներհոսքը: Դա թույլ է տալիս փոխարժեքը թողնել բնականոն կարգավորման ընթացքին եւ արհեստական գործողություններ չկատարել: Հետաքրքիր է, որ Խաչատուր Սուքիասյանն ամենեւին այն կարծիքին չի, որ դոլարի փոխարժեքի նվազումից տուժում է բնակչությունը, որովհետեւ, ըստ նրա, տնտեսական քաղաքականությունը չպետք է կառուցել արտասահմանից եկող փողերի վրա, այլ պետք է ելնել երկրի տնտեսական իրողությունից, քանի որ հենց դրանով է առավել պայմանավորված բնակչության բարեկեցության հարցը:
Այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողներից տեղեկացավ, որ թեեւ դրամն է արժեւորվում, իսկ դոլարն արժեզրկվում, անգամ տեղական արտադրության ապրանքների գներն են աճել, որովհետեւ տրամաբանությանը հետեւելով՝ նա ենթադրում է, որ գներն այս պարագայում պետք է նվազեն:
«Գները չեն կարող չիջնել: Որովհետեւ երբ ապրանքը ձեռք ես բերում մյուսից, գնում ես, նրա հետ բանակցում ես, ու այդ ընթացքում եթե դոլարի գինը ընկնում է, բանակցում ես, գներն իջեցնում ես, որ կարողանաս քո նախկին գնի մեջ տեղավորվես»,- ասում է Խաչատուր Սուքիասյանը: «Արտարժույթի փոխարժեքի նվազումը չի կարող միայն վնաս տալ կամ միայն օգուտ: Եթե շատ կարճ հատվածում է այդ բանը կատարվում, ինքն ավելի շատ օգուտ է տալիս: Որովհետեւ հենց այդ պահին փոխարժեքը փոխվում է, եւ տնտեսվարողը փոփոխված փոխարժեքով է հաշվարկ կատարում»:
Պարոն Սուքիասյանը նաեւ օրինակով է փորձում ապացուցել. «Վերցնենք արտադրությունը, որի հումքի համար տնտեսվարողը վճարում է դոլարով, բայց արտադրանքն իրացնում է Հայաստանի Հանրապետության շուկայում: տնտեսվարողն ապրանքն իրացրել է 100 դրամով, այդ ապրանքի մեջ օգտագործվող հումքի համար նա պետք է վճարի արտարժույթով: Հիմա, հումք ու նյութ ձեռք բերելուց երբ ինքը վճարում է դրա դիմաց, վճարում է այդ օրվա դրամին համարժեք դոլարը: Ինքն այդտեղ շահե՞ց, թե՞ ոչ: Շահեց: Որովհետեւ ինքը այդ ժամանակ վերցրել է ավելի բարձր դրամ: Վերցնենք այդ ժամանակ դոլարը եղել է 50, այսօր դարձել է 47: Ուրեմն ինքը 47 վճարում է, իսկ երեքն իրեն օգուտ է մնում»,- բացատրում է Խաչատուր Սուքիասյանը:
Խաչատուր Սուքիասյանի հետ զրույցի այլ մանրամասները «Այբ-ֆե» շաբաթաթերթի հունիսի 2-ի համարում: