Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԻԶՆԵՍՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Տնտեսություն

Սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի է ունենալու Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովը, որը 2003թ. սկսած տեղի է ունենալու յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ: Սա ծանուցելու համար ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանն այսօր միայն շատ քիչ թվով հիմնականում հեռուստալրագրողների էր հրավիրել իր մամուլի ասուլիսին:

Նախարարության մամուլի քարտուղարի պատճառաբանությամբ, իրենք ցանկացել են, որ այլ հարցեր քիչ լինեն, ու այս տեղեկատվությունը չկորչի հարցերի տարափում:

Իսկ ասուլիսի ժամանակ Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ համաժողովին մասնակցելու մեկնարկն արդեն տրվել է եւ արդեն ընդունվում են մասնակցության հայտերը: Մասնակցության համար յուրաքանչյուր գործարար պարտավոր է վճարել 100 եվրո, սակայն մինչեւ սեպտեմբերի մեկը գումարի չափը կլինի 50 եվրո:

Նախորդ համաժողովին մասնակցել է 300-400 գործարար միայն Հայաստանից եւ Սփյուռքից, ներկա են եղել նաեւ միջազգային կազմակերպություններից ներկայացուցիչներ: Այս տարի ակնկալվում է, որ գործարարների թիվը կլինի 500-ից ավելի: Նախարարության նորաստեղծ ինտերնետային կայքում տեղադրված է նախարարի բաց նամակը-հրավերքը, ըստ որի կարող են մասնակցել եւ ներդրումներ կատարել նաեւ օտարազգի գործարարները, քանի որ «բիզնեսը ազգություն չի ճանաչում»:

Վերջին 4-5 տարիներին Հայաստանում կատարվել է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում, միայն նախորդ տարում` 500 միլիոն ԱՄՆ դոլար: Ըստ փոխնախարարի, վերջին 5 տարիների ներդրումների չափը հավասար է եղել նախորդ 10 տարիներին կատարված ներդրումներին: Ներդրումների թիվն հատկապես մեծ է եղել վերջին մեկ ու կես տարիների ընթացքում: Հիմնական ներդրումներն արվել են հանքաարդյունաբերության, հեռահաղորդակցման, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտներում: