ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ ՄԻ ՔԻՉ ԳՈՀ Է ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԻՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱռեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նախորդ տարի «Ա1+»-ին դժգոհել էր, թե դրամի թռիչքաձեւ եւ անսպասելի արժեվորումը վնասում է արդյունաբերությանն ու արտահանմանը: Նա նույնիսկ ասել էր, թե կենտրոնական բանկի նախագահի առջեւ այսպիսի հարց է դրել՝ «խփում ես մեր գրպանին»: «Գրպանին խփել» արտահայտությունը նախարարն օգտագործել էր փոխաբերական իմաստով` նկատի ունենալով պետության դրամապանակը:
Այսօր Կարեն Ճշմարիտյանը դարձյալ դժգոհեց դոլարի նկատմամբ դրամի հերթական արժեվորումից, սակայն արդեն արտահայտությունների մեջ բավականին զգուշավոր էր:
«Կարճաժամկետ արտահանմանը դրամի արժեվորումը խփում է, իսկ ընդհանուր առմամբ՝ երկարաժամկետ ծրագրերի, ներդրումների համար ազգային արժույթի արժեվորումը դրական է: Բայց քանի որ ավելի երկարատեւ ներդրումների եւ արտահանումների համար բազային արդյունաբերության զարգացումը բերելու է արտահանման ծավալների աճի, ուրեմն դրամի արժեվորումը դրական երեւույթ է»,- հարցի շուրջ մանեւրեց նախարար Ճշմարիտյանը:
Նա չթաքցրեց, որ ԿԲ նախագահի հետ քննարկել է փոխարժեքների վերջին տատանումների հարցը, սակայն այս անգամվա տատանումը բնութագրեց սահուն, ոչ թռիչքաձեւ եւ սպասելի, նաեւ ասաց, որ հիմնականում դժգոհում է անկանխատեսելի տատանումներից ու այդ հարցում մեղադրում է ոչ թե ԿԲ-ին կամ ֆինանսների նախարարությանը, այլ՝ տնտեսվարող սուբյեկտներ կառավարողներին: Եվ այստեղ երկրի առեւտրի ու տնտեսական զարգացման պատասխանատուն բավականին ինքնատիպ մեկնաբանություններ արեց: Դրամի նախորդ տարվա կտրուկ արժեվորումներից մեկը նա համարեց սպեկուլյատիվ գործողությունների արդյունք, չկանխատեսված ու կտրուկ: «Այ, դրանից ես դժգոհ եմ»,- ասաց նա:
Իսկ այս վերջին արժեվորումն այդպիսին չէ՞ր. հարցրինք: «Ոչ, եթե 1 դոլարն արժենար 40 դրամ, եւ արժեվորվեր 20 դրամով, դա թռիչքաձեւ կլիներ, բայց եթե արժե 450 դրամ, եւ արժեվորվում է 20 դրամով, դա, ես կարծում եմ, նորմալ է եւ կանխատեսելի: Բացի այդ, առաջին եռամսյակից հետո եւ արտահանման ծավալները, եւ զբոսաշրջության աճը եթե նայենք, օտարերկրյա ներդրումների ծավալներն են 56.7%-ով աճել անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ»,- պատասխանեց նախարարը:
Հիշեցնենք, որ նրա դժգոհությունն առաջացրած՝ նախորդ տարվա արժեվորման ժամանակ նույնպես 1 դոլարը ոչ թե 40, այլ՝ 450 դրամիցավելի արժեր, ներդրումները, արտահանումն ու զբոսաշրջությունը նույնպես խոշոր աճ էին ունեցել: Այդ օրերին Ճշմարիտյանը, համենայնդեպս, ըմբոստացավ Տիգրան Սարգսյանի դեմ:
Իսկ այս օրերին նախարարը գործարարներին ուղղակի խորհուրդ է տալիս՝ «ֆուչերսային գործարքներ» կնքել առեւտրային բանկերի հետ, որպեսզի բանկերն իրենց վերլուծություններ տրամադրեն՝ ինչ գործոններով պայմանավորված ինչպիսի վարքագիծ կունենա ազգային արժույթը, ասենք, չորս ամիս հետո: Սա նույնպես հետաքրքիր առաջարկ է, քանի որ մինչեւ հիմա ոչ թե առեւտրային, այլ նույնիսկ՝ կենտրոնական բանկի ղեկավարներից մեզ չի հաջողվել պարզաբանումներ աստանալ՝ ինչ կոնկրետ գործոններով է պայմանավորված դրամի արժեվորումը կամ արժեզրկումը: