Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս-թուրքական հարաբերությունների բացասական ազդակը՝ Արցախի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-qnnarkum

ԱԺ պատգամավոր  Շիրակ Թորոսյանը ռուս-թուրքական հարաբերությունների երկարաժամկետ և  գլոբալ առումով բարելավում չի  կանխատեսում,  քանզի այդ պետությունները  տարբեր հարցերում մրցակիցներ են: Մինչդեռ պատգամավորը կարծում է, որ  Ռուսաստան-Թուրքիա վերջին շրջանում նկատվող  հարաբերությունների մերձեցումը Թուրքիան կօգտագործի ընդդեմ  Հայաստանի: «Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը մեզ համար կարող է վնասակար լինել: Ակնհայտ է, որ   Թուրքիան կձգտի ռուսների հետ իր հարաբերություններն օգտագործել իր հակահայկական ծրագրերն իրագործելու համար: Մենք պետք է շատ ուշադիր և զգոն լինենք մեր ռազմավարական գործընկերոջ հետ փոխհարաբերություններում, պետք է կարողանանք թույլ չտալ, որպեսզի այդ ջերմացումն ուղղվի մեր դեմ: Թուրքիան կստանա որոշակի ձեռքբերումներ, եթե իր հակահայ քաղաքականությանը ընդառաջի կամ հնարավորություններ տա կամ թողտվություն ցուցաբերի նաև Ռուսաստանը»,-ընդգծում է  Շիրակ Թորոսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման և Հայաստանի վրա դրա  ազդեցության մասին: Պատգամավորը միևնույն ժամանակ, սակայն նկատում է, որ Ռուսաստանի քաղաքականությունը միշտ չէ, որ բխում է Հայաստանի շահերից՝ անկախ ռազմավարական կամ տնտեսական դաշնակիցներ լինելու հանգամանքից : «Ո՞վ է ասել, որ Ռուսաստանի քաղաքականությունը պետք է բխի Հայաստանի շահերից և  հակառակը, արդյոք Ռուսաստանը գո՞հ է Հայաստանի վարած քաղաքականությունից: Սա բնական է: Ռուսաստանն, իհարկե, կուզենար, որ թե Հայաստանը թե աշխարհի  բոլոր երկրներն էլ իր սրտով գնային, սակայն յուրաքանչյուր երկիր պետք է առաջնորդվի իր շահերին համապատասխան»,-նկատեց Շիրակ Թորոսյանը: Մինչդեռ քաղաքագետ Արա Պապյանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Վերջինս կարծում է, որ  ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը բխում է  Արևմուտքի հետ ունեցած խնդիրներից ու երկու պետությունների մեկուսացումից: Քաղաքագետի խոսքերով՝ Թուրքիայի նախագահը հերթական անգամ խաղարկեց այն սցենարը, որն ընդունված  էր 1920-ական թվականներին, երբ երկու մեկուսացած պետություններ սկսում էին մերձենալ:   Թե ինչ կերպ  դա կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, ըստ Արա Պապյանի՝ միայն բացասական՝ այս համատեքստում առաջին հերթին նկատի ունենալով ղարաբաղյան հիմնախնդիրը: «Ես որևէ լավ բան չեմ կանխատեսում այս մերձեցումից: Ինձ համար տարօրինակ էր, որ սկզբում բանակցում էինք մեկ  այլ փաստաթղթի շուրջ, բայց հիմա բանակցությունները տարվում են լրիվ այլ ուղղությամբ, մեզ լրիվ այլ բան են հրամցնում:  Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին ծրագիրը 5 շրջանների հանձնումն է՝  ավելի կայուն կարգավիճակի դիմաց, իսկ դա ամենավատ տարբերակն է մինչ այս մեզ ներկայացված տարբերակներից»: Այս դիտարկմանը համաձայն չէր Շիրակ Թորոսյանը: Վերջինս հորդորում էր Արա Պապյանին խոսել միայն պաշտոնական տեղեկությունների մակարդակով, որոնց մեջ Թորոսյանի պնդմամբ՝ նման բան ներառված չէ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ անդրադարձավ տնտեսական հետևանքներին՝ նշելով, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումից կարողացավ շահել Իրանը, որը գյուղատնտեսական ապրանքների արտահանման պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ:  Ըստ տնտեսագետի՝ Հայաստանը չէր կարող  կարճ ժամկետներում այնպես զարգացնել իր ջերմոցային տնտեսությունները, որ կարողանար ապահովել  ռուսական շուկայի պահանջարկը: «Թուրքիան 600 միլիոն դոլարի միրգ է արտահանում ՌԴ, 336 միլիոն դոլարի՝  բանջարեղեն:  Եթե դա համեմատում ենք մեր ցուցանիշի հետ, ապա մերն ընդամենը՝ 16-17 միլիոն է: Թուրքիայի ՀՆԱ-ն 720 միլիարդ դոլար է, իսկ Հայաստանինը՝ 10,5 :  Սրանք նույնիսկ համեմատելու թվեր չեն, անհամեմատելի են նաև ներմուծման և արտահանման ծավալները, այն դեպքում, երբ  մեր տնտեսության արտահանման ծավալների 20 %-ը կախված է ՌԴ-ից»,-ասաց  Վիլեն Խաչատրյանն ու  շեշտեց, որ նման պարագայում ինքը ճիշտ չի  համարում Հայաստան- Թուրքիա տնտեսությունների համեմատումը: