Բացել լրահոսը Փակել լրահոսը
701004082_1524480266355065_1657506986624600727_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցելությունը Կիպրոսի Հանրապետություն
 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ուղեկցությամբ, սույն թվականի մայիսի 13-16-ը Կիպրոս կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի կողմից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, (ECR) խմբակցության անդամ Գեադիս Գեադիի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ՝ Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ, հավատարիմ մնալով արդարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, շարունակելու է իր աջակցությունը Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործին։
Աշոտ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Գեադիս Գեադիին հայանպաստ դիրքորոշման համար։ Նա անդրադարձել է Ադրբեջանում ընթացող հայազգի գերիների ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով որոշ փաստեր այդ կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը։
Կիպրոս կատարած այցելության ընթացքում, քաղաքական հանդիպումներին զուգահեռ, մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն ու ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը այցելեցին Կիպրոսի Հայոց թեմի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Գերշ. Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոսի հետ։ Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում, քննարկվեցին Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Այնուհետև տեղի ունեցավ այցելություն «Նարեկ» վարժարան, որտեղ հյուրերին դիմավորեցին վարժարանի տնօրինությունն ու հոգաբարձուների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դպրոցի կրթական և դաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև առկա մարտահրավերներին։ Աշոտ Դանիելյանը բարձր գնահատեց վարժարանի ազգային և կրթական գործունեությունը։
Նույն օրը երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Կիպրոսի հայկական համայնքի և պետական ներկայացուցչի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանին և Արցախին վերաբերող զարգացումներին։