Վարչապետը հայեցի կրթական ծրագրեր է պահանջում (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ մեծ ուշադրություն են դարձնելու կրթական բարեփոխումներին ու դրանց արդյունավետ իրականացմանը: Ըստ նրա՝ հատկապես հանրակրթական դպրոցական ծրագրերը պետք է լինեն մատչելի, հայեցի, իսկ ֆինանսական հոսքերը պետք է ունենան պարզ, թափանցիկ ընթացակարգ. «Ավագ դպրոցի հիմնախնդիրներից է մասնագիտական կրթության ոլորտը: Դպրոց-բուհ անցումը ապահովող կառույցների գործունեությունը պետք է վերանայել: Բուհ-աշխատաշուկա սերտացումը պետք է համալսարանական առաքելության կարեւորագույն հատկանիշներից մեկը լինի: Նաեւ պետք է բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման վրա մեծ ուշադրություն դարձնել»: Հովիկ Աբրահամյանը Կրթության եւ գիտության նախարարին հանձնարարեց բուհական բարեփոխումներին նվիրված խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կնշվեն հստակ մեխանիզմներ՝ բարեփոխումների իրականացման համար, ինչպես նաեւ՝ կներկայացվեն ուսանողակենտրոն ուսուցման հստակ թիրախների, միջազգային շուկայում մեր տեղի ու մրցունակության մասին»: Վարչապետն անդրադարձավ նաեւ գնումների ոլորտում կոռուպցիայի նվազմանը. «Գնումների գործընթացի տարբեր փուլերում բարելավել թափանցիկությունը, համապատասխան կայքէջում տեսնել կնքված բոլոր պայմանագրերը, դրանց արդյունքները, ծրագրային լուծումներ մշակել: Ինչպես նաեւ՝ խիստ անհրաժեշտ է գնումների գործընթացի մեջ անհրաժեշտ ներքին աուդիտ անցկացնել: Հանձնարարում եմ ոլորտի պատասխանատուներին՝ պատշաճ ապահովել անհրաժեշտ թափանցիկությունը, ներկայացնել հաշվետվություններ, ինչպես նաեւ՝ վերստուգման հաշվետվությունները»: