Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ ուժ է պետք». Շահեն Հարությունյանը նախաձեռնություն է սկսում (տեսանյութ)

Քաղաքականություն
shahen

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը,  որոշել է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որը նպատակ ունի ավելի բարեկեցիկ դարձնել մեր երկիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պատրաստվում է գրանցել «Ազգային միացյալ նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը: Նա նշեց, թե ինչու է որոշել հանդես գալ նման նախաձեռնությամբ եւ ինչ է պատրաստվում փոխել մեր երկրում. «Երբ երեխան ծնվում, մեծանում է, նրան ծնողները տալիս են որոշակի դաստիարակություն: Նորմալ հասարակության մեջ դաստիարակության գլխավոր գագաթնակետը Հայրենիքն է, դրա նկատմամբ զգացմունքն ու նվիրվածությունը: Հենց այդ գիտակցությամբ մեծացած երեխաներն են նպաստում երկրի զարգացմանն ու հզորացմանը, բայց հիմա մենք ապրում ենք մի երկրում, որտեղ հասարակության 96 տոկոսի մոտ Հայրենիք ասվածը հավասարազոր է սրճարանում սուրճ խմելուն: Մեծամասնությունը Հայրենիքի նկատմամբ ունի անտարբեր, սառը, ինչու չէ նաեւ տհաճ հիշողություններ, զգացմունքներ: Ամեն երկրորդին եթե հարցնես, կուզենա լքել Հայաստանը՝ անգամ ավելի վատ երկրներում ապրելու ձգտումով: Այս ֆոնին նորմալ է, որ մենք ունենք նման երկիր»: Շահեն Հարությունյանի խոսքով՝ եթե երեխան չի կարող փոխել իր ծնողին, ապա Հայրենիքի դեպքում այլ է. «Կոպիտ ասած՝ իշխանությունը դաստիարակում է իր ժողովրդին: Եթե ժողովուրդը գիտակցությամբ, արժեհամակարգով նորմալ է, ի տարբերություն ծնող-որդի հարաբերությունների, կարող է ապստամբել իշխանության դեմ եւ փոխել այն»: Երիտասարդը կոչ է անում այլոց միանալ իրեն, քանի որ իրեն ուժ է հարկավոր՝ կյանքի կոչելու իր նախաձեռնությունը. «Իմ նախաձեռնության միակ նպատակը, գաղափարն է ունենալ հզոր եւ բարեկեցիկ, իրավական երկիր: Դրա համար ինձ ուժ է հարկավոր, քանի որ ես անհատ եմ, փորձում են մի բան անել, ինձ ճնշում են, ես ուժ չունեմ, որ իմ ասածը պահեմ, դրա համար ես ուզում եմ թիմ ձեւավորել, որը կհավաքվի մեկ գաղափարի շուրջ եւ անձնվիրաբար պայքար կմղի»,-եզրափակեց Շահենը: