«Հայաստանում կրթության որակի խնդիր կա». նախարար (տեսանյութ)
Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը չի թաքցնում, որ կրթական համակարգում իսկապես կա որակի խնդիր եւ այդ պատճառով մի քանի ուղղություններով փորձելու են կատարել անհրաժեշտ քայլեր: Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարի մեկնաբանությունները վերաբերում էին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն դիտողություններին, որ անհրաժեշտ է անցկացնել խորհրդաժողով ու քննարկել կրթական համակարգի բարեփոխումները: Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ հիմնականում իրենց ուշադրությունը սեւեռելու են կրթության եռաստիճան համակարգի խնդիրների վրա՝ կարգավորվելու են կենտրոնացված քննությունները, մրցույթը եւ պետական պատվերի, անվճար-վճարովի տեղերի սկզբունքը. «Իսկ հանրակրթության ոլորտում որակավորումների ազգային շրջանակների մեջ վերանայելու ենք չափորոշիչները: Սկզբունքային տրամադրություն ունենք, օրինակ, վերականգնել երեխաների բանավոր քննությունները որոշակի փուլերում, շարադրությունները, փոխադրությունները»: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ապա նախարարն ընդգծեց՝ այն միշտ կա ու կրթության ոլորտում կոռուպցիան կա այնքանով, որքանով. «Եվրոպական շրջանակի հետ մենք ունենք համատեղ ծրագիր այս ուղղությամբ: Մասնավորապես, երբ մենք խոսում ենք բյուրոկրատական արգելքների պարզեցման մասին, նույն տնօրենների ատեստավորման, ուսուցիչների ընտրության առումով, մենք ունենք անելիք»: Պարոն Մկրտչյանը խոսեց սոցփաթեթների մասին, որտեղից հանվել է հանգստի բաղադրիչը: Այս փոփոխությունները վերաբերելու են նաեւ ուսուցիչներին: Այս թեման նախարարի համար նորություն էր. «Այդ մասին այս նիստի ժամանակ իմացա: Կփորձենք նայել. եթե մեր համակարգում կան նման վտանգներ, կփորձենք լուծել՝ մեխանիզմներ գտնելու ուղղությամբ: Ամենակարեւորը սոցփաթեթների ոլորտում առկա չարաշահումները ծնող պատճառները վերացնելն է: Եթե համակարգային ճիշտ լուծումներ գտնենք, մեծապես այդ ռիսկերը կնվազեն»: