Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիրք գնողների 70 տոկոսը երիտասարդներն են

Հասարակություն
grakan

«2012 թվականին, երբ Երեւանը հռչակվել էր գրքի մայրաքաղաք, այդ տարի արձանագրել ենք ամենամեծ հետաքրքրությունը գրքի եւ գրականության նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ այսօր կա ընթերցողների մի ակտիվ խումբ, որը հիմնականում բաղկացած է երիտասարդներից: Այդ են վկայում գրախանութներում, գրադարաններում եւ սոցիալական ցանցերում արված իրենց հետազոտությունները. «Գրախանութներում գրքերի 70 տոկոսը ձեռք են բերում հենց երիտասարդները՝ 18-33 տարեկան մարդիկ: Գրադարաններում էլ մեծ պահանջարկ կա ոչ միայն ծրագրային, այլեւ ոչ ծրագրային գրականության նկատմամբ»: Գրականագետը նշում է, թե մեծ սերնդի խոսքերը, թե այսօրվա երիտասարդները չեն սիրում գիրքն ու գրականությունն, ինչպես իրենք, միֆ են. «Այդ սերունդը, որն այսօր 50-60-ն անց է, 1990-ականների վերջերին կուբամետրով գիրքը վաճառում էր»,-ասաց նա: Արքմենիկ Նիկողոսյանը նշեց նաեւ, որ այսօր հայերեն ավելի շատ գրքեր են թարգմանվում, քան նախկինում: «Եթե ոչ անմիջապես, ապա լույս տեսնելուց մի քանի ամիս անց մենք ունենում ենք այդ գրքերի հայերեն տարբերակները»: Ինչ վերաբերում է հայ ժամանակակից գրականությանն ու գրողներին, ապա, Նիկողոսյանի խոսքով, այսօր նրանց էլ ավելի շատ են կարդում. «Եթե հինգ տարի առաջ հայ ժամանակակից գրողը վաճառում էր 3-5 գիրք, ապա այսօր այդ թիվը հասնում է 700-800-ի եւ նույնիսկ ավելի շատ»,-նշեց նա՝ հավելելով, որ հայ ընթերցողների շրջանում ամենից շատը պահանջարկ ունեն  Գուրգեն Խանջյանը, Արամ Պաչյանը, Լեւոն Խեչոյանը, Հովհաննես Գրիգորյանը, ընդ որում՝ պոեզիան գրքի վաճառքի տեսանկյունից այդքան մեծ պահանջարկ չունի, ինչպես եւ պատմվածքները: