Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լևոն Հայրապետյանի գործը ՌԴ եւ ՀՀ իշխանությունների հանցավոր համաձայնությունն է» (տեսանյութ)

Քաղաքականություն
hayk

«Գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի գործով նախաքննությունն ու դատավարությունն անցել է բացահայտ խախտումներով, ինչպես ՌԴ քրեական օրենսգիրք, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Ըստ նրա՝ Լեւոն Հայրապետյանի գործը սարքովի է: Նա նաեւ կարծում է, որ հանցավոր համաձայնության են եկել ՌԴ եւ ՀՀ իշխանությունները: «Ինչպե՞ս կարող է Վլադիմիր Պուտինը չճանաչել ՌԴ արտգործնախարարության կողմից մեդալ ստացած անձնավորությանը»,- ասաց իրավապաշտպանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը գործարարի հարցով դիմել է  ՌԴ նախագահին, սակայն վերջինս հայտարարել է, թե չի ճանաչում նրան. «Սերժ Սարգսյանի այդ քայլից անցել է երկու տարի, ինչու՞ մինչ օրս որեւէ այլ քայլ չի կատարվել: Ես կարծում եմ, որ մեր նախագահի այդ քայլը պարզապես երկաթյա ալիբի էր, որպեսզի նա ցույց տար, թե տեսեք՝ մենք քայլ արեցինք: Ամեն պատեհ-անպատեհ բան մտնում է ԱԺ օրակարգ, մի՞թե Լեւոն Հայրապետյանն արժանի չէ, որ պետական մակարդակով իր հարցը քննարկվի»,-ասաց Հայկազ Մակարյանը՝ նշելով, որ այս հարցով անգամ ՀՀ նախկին ՄԻՊ-ը պատշաճ քայլեր չի ձեռնարկել: Իրավապաշտպանը կարծում է, որ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը պատահական չէր. դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ֆորումներից մեկի ժամանակ խոսեց հայ օլիգարխիայի կուլակաթափության մասին: Երիտասարդի խոսքով՝ Լեւոն Հայրապետյանն ունի մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային եւ այլ, եւ այդ վիճակով նրան պահել անազատության մեջ, մարդու իրավունքների կոպիտ խախտում է: «Նա մեղադրվել է շորթման, յուրացման եւ խարդախության համար, սակայն առաջին երկուսը հանվել են: Այդ փաստը եւ նրա ներկայիս վիճակը լիովին մտնում է տնային կալանքի եւ պայմանական ազատության մեջ, սակայն դա ապահովելու համար որեւէ քայլ չի արվում»: Իրավապաշտպանը նշեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք պատրաստ են անգամ նստացույց անել ՌԴ դեսպանատան շենքի առջեւ, որպեսզի Լեւոն Հայրապետյանի գործը արդար քննվի: