Ալիևը գետի հունին հակառակ երկար չի կարող լողալ. Էդ. Շարմազանով (տեսանյութ)
«Աշխարհաքաղաքական իրավիճակը ենթակա է փոփոխության տարածաշրջանում և աշխարհում, երկու օրից էլ տեղի է ունենալու ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը. սա անհետևանք չի մնա նաև մեր տարածաշրջանի վրա»,- համոզված է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Այս համատեքստում նա կարևորում է Սերժ Սարգսյանի ելույթը ՆԱՏՕ-ի վեհաժողովին, որը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ։-Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կոնֆլիկտի խաղաղ լուծման կողմնակից են։ Պատերազմի կողմնակիցը Հարավային Կովկասում հայկական կողմերը չեն, դա Ադրբեջանն է»։ Ըստ նրա՝ կարևոր էր Սերժ Սարգսյանի շեշտադրումը, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը բերել ՆԱՏՕ-ի շրջանակներ, ճիշտ չէ. «Դրա համար կա մասնագիտացված կառույց։ Նախագահը նշեց՝ Ադրբեջանի ջանքերը՝ խնդիրը տեղափոխել այլ կառույց, հակասում են Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին»։ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից կարևոր էր ՆԱՏՕ-ի հարթակից խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայամանավորվածությունների ի կատար ածելու անհրաժեշտության մասին։ «Պետք է Ադրբեջանը հետաքննության, վստահության մեխանիզմներ ներդնի, նաև՝ ընդլայնվեն ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի իրավունքները»։ Գրեթե բոլոր կողմերը խոսում են Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի անընդունելիության մասին, դա ասում է Ադրբեջանի նախագահը, դա ասվում է նաև Հայաստանի կողմից։ «Մեզ ձեռնտու չէ ստատուս քվոն, ստատուս քվոյի փոփոխության համար անհրաժեշտ է մեկ կարևորագույն քայլ՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»։ Վերլուծաբանները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առանձնացնում են Դաշինքի հաստատակամությունը՝ Մերձբալթյան տարածաշրջանում, Լեհաստանում դիրքերն ավելի ամրապնդելու, ինչպես նաև՝ Ուկրաինայում Ռուսաստանի քաղաքականության անընդունելի լինելը։ Սա ենթադրում է լարված իրավիճակի շարունակականություն երկու բևեռների միջև, ի՞նչ սպասի Հայաստանը, որը վերջերս վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ պայմանագիրը, արդյո՞ք դրանով չեն տուժի Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները։ Էդուարդ Շարմազանովը պատասխանում է «Ա1+»-ի հարցին. «Մենք ընդդեմ ինչ-որ մեկի չենք միավորվում, մենք դա արել ենք հանուն մեր ազգային շահի։ Ես չեմ ուզում ՆԱՏՕ-ն և Թուրքիան նույնացնել, բայց կոնկրետ ինձ համար Թուրքիան սպառնալիք է։ ՀՕՊ-ը վավերացրել ենք՝ ելնելով մեր ազգային ու պետական շահերից»։ Էդուարդ Շարմազանովը կոնկրետ չպատասխանեց «Ա1+»-ի մեկ այլ հարցադրման՝ ճի՞շտ է, որ Հայաստանը չի պատրաստվում երկարաձգել ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության պայմանագիրը։ «Հանրապետության նախագահի խոսքից կարծում եմ, որ մենք նման բան չհասկացանք։ Գործընկերությունը մեկ բան է, անդամակցությունը մեկ այլ բան՝ մենք այս տարիներին ցույց ենք տվել, որ կարող ենք ինտենսիվ և արդյունավետ գործակցել նաև ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ»։ Էդուարդ Շարմազանովը խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին, թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի իրենց երկրի մաս՝ մոտավորապես ունենալով Նախիջևանի նման կարգավիճակ։ Նա նաև Արցախն ու Երևանը ժամանակ առ ժամանակ համարում է Ադրբեջանի պատմական տարածք։ «Պարոն Ալիևը իր անհեթեթ մտքերով հայտնի է, Ստրաբոնից մինչև բրիտանական էնցիկլոպեդիա և խորհրդային պատմաբան ասսերին ձեռնոց է նետել։ Աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով՝ ուզի պարոն Ալիևը, չուզի պարոն Ալիևը, գետի հունին հակառակ երկար չի կարող լողալ, որովհետև ալիքը կտանի»։ Մանրամասները՝ տեսանյութում