Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք վախենում ենք Ղարաբաղի նախիջևանացումից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan-nkar

Երեկ լրացավ ապրիլյան պատերազմի հարյուր օրը: «Այս ընթացքում Հայաստանի քաղաքականության մեջ ես առանձնապես փոփոխություն չեմ տեսնում: Իհարկե, սահմանին բարելավում կա, որոշ սարքեր են ավելացել: Բայց ռուսական զենքի հարցը մնում է անորոշ»,-այսօր ասաց քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: Ավելին, նա շեշտեց, որ սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու այդ երկրին զենքի վաճառքի նոր պայմանագիր կնքելու առիթ կդառնա: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, պարոն Պապյանը շեշտեց. «Գնալով հայկական կողմի վրա ճնշումն ավելանում է: Ուզում են, որպեսզի Հայաստանը միակողմանի զիջումների գնա: Եվ դա փոխզիջման անվան տակ են ներկայացնում: Մենք վախենում ենք Ղարաբաղի նախիջևանացումից, իսկ Ադրբեջանը դա է ուզում»։ Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում քաղաքագետը լավատես չէ։ «Չեմ հավատում հարցի խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա։ Բացի այդ, մեր երկրի կողմից վարվող քաղաքականությունը ճիշտ չէ. «Հայաստանը տարածքները հանձնելու պատրաստակամություն է հայտնել։ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, թե կողմ է Կազանի փաստաթղթին։ Քանի դեռ մեր պետությունը չի դադարեցրել տարածքներ՝ կարգավիճակի դիմաց սկզբունքով առաջնորդվելը, մենք պարտվողի կարգավիճակում ենք լինելու»։ Փարիզում սպասվող Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումն արդյո՞ք որևէ արդյունք կտա, Արա Պապյանը նշեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե սահմանային դեպքերի մոնիտորինգի հարցում ինչպիսի պայմանավորվածություն ձեռք կբերվի։ Ես մեծ ակնկալիքներ չունեմ այդ հանդիպումից։ Հերթական անգամ կողմերին խաղաղության կոչ կարվի։ Բացի այդ, վատն այն է, որ Ռուսաստանը դարձել է հիմնական դերակատար։ Իսկ ամերիկացիները շահագրգռված չեն Կովկասում Ռուսաստանի դերի բարձրացմամբ։ Ունենք Կազանի փաստաթուղթ՝ տարածքների հանձնման վերաբերյալ, ունենք Ալիևի պաշտոնական հայտարարություն, որ բացառում է «պատմական» Ադրբեջանի տարածքների վրա երկրորդ պետության ստեղծումը, ինչի՞ց պետք է ենթադրենք, որ լավ է լինելու»։