Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ հայությունը տրամադրվում է փոխզիջումների, ավարտվում է աղետով». հարցում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
6d5022a58b995fbeba5e9112dc1f1ecb

Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, Ադրբեջանն էլ կվերականգնի տարածքային ամբողջականությունը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս հնչեցրած այս խոսքերին այսօր առավոտ հետևել է շփման գծի լարվածությունը։  Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել է՝ 12 ինքնաթիռ ու 41 ուղղաթիռ ուսումնամարզական թռիչքներ են  սկսել Արցախի հարավային սահմաններին։ «Մարդը իր բերանով և իր գործողություններով ապացուցում է, որ ինքը միայն ռազմական գործողությունների պատկերացում ունի։ Ինքը դիվանագիտական հանդիպումների խնդիրն օգտագործելու է` նախապատրաստվի, նոր զինամթերք գնի։ Եթե վաղն էլ 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ ամեն օր մեր սահմանով գնան՝ ի՞նչ ես անելու, պետք է մի օր էլ բացատրես՝ տղաներ, պետք չի ոչ կյանքս ուտել, ոչ հոգիներս»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։ Այսօր արդեն չեն թաքցնում, որ բանակցությունների սեղանին դրված հիմնական առաջարկներն են՝  7 շրջանների հանձնում Ադրբեջանին և Արցախի անորոշ կարգավիճակ անորոշ ժամանակով։ «Այսօրվա դրությամբ, փոխզիջում գաղափարը չունի անվտանգության էլեմենտ, անվտանգության էլեմենտս էսօր գալիս ա՝ հզոր բանակ և այդ տարածքները, որոնք ապահովում են անվտանգության գոտին, այսօր որևէ սանտիմետր հող զիջելու պատկերացում չունեմ»,-նշեց պատգամավորը՝ հավելելով.  «Էս կոնֆլիկտը ունի մեկ լուծում կամ հայկական կողմը ռազմական գործողությունները իրեն հարմար պահի պիտի տեղափոխի Ադրբեջանի տարածք, ինքը պետք է պատերազմ սկսի կամ մենք պիտի ականատես լինենք մեր երիտասարդների զոհվելուն»։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում զիջումներ կորզելու  հույսով Ռուսաստանը հայկական կողմին ճնշումների է ենթարկում։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ է՝ Մոսկվան այդ կերպ փորձում է իրականություն դարձնել 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը՝ Հայաստանն առանց Արցախի։ «Համաշխարհային քաղաքական պատմության մեջ չկա դեպք, երբ որևէ ժողովուրդ ինչ -որ բան վերադարձնում է, եթե դա պատերազմի արդյունք չէ։ Բայց մեզ այս խոշոր եղբայր կոչվածը համոզում է տարբեր ձևերով։ Ալիևի խելքը էդքան չի էլ հասնում իրենք հրահրում են ինչպես պատերազմը հրահրեցին»,- ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Քաղաքագետն այս ծրագրի իրագործման փորձ է համարում կոնֆլիկտների լուծման եվրոպական ժողովուրդների փորձի թմբկահարումը, երբ դարեր շարունակ իրար դեմ արյունահեղ պայքար մղած պետությունները հաշտվել են՝ անցնելով խաղաղ համակեցության։ Ըստ նրա՝  հայ-ադրբեջանական հարաբերություններում նման ակնկալիք պետք չէ ունենալ։ «Երբ հայությունը տրամադրվում է փոխզիջումների, հայոց համար ավարտվում է աղետով, լիակատար ոչնչացումով։ Կա հայ-թուրքական հարաբերությունների դարավոր պատմություն, որը ավարտվել է Ցեղասպանության ակտով»,-հիշեցնում է պրն. Շիրինյանը։ Լևոն Շիրինյանը պնդում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է անկեղծ լինեն քաղաքացիների հետ՝ դիվանագիտական ճակատում ընթացող գործընթացները դարձնելով հասանելի։ Ստորեւ առաջարկում ենք  մասնակցել մեր փոքրիկ հարցմանը.