«Մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք՝ թե ռազմական, թե քաղաքական». ՀՀԿ-ական
Այսօր նոր կոնցեպցիա եւ մոտեցումներ են հարկավոր ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ազատագրված յոթ տարածքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարություններին: «Տարածքներ վերադարձնելու ուղղությամբ այսօրվա մոտեցումը հետեւյալն է՝ կարգավիճակ՝ տարածքների դիմաց: Ինչպես ասում են՝ դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է՝ տարածքների հնարավոր վերադարձի, փոխզիջման մասին, իսկ երբ փաստաթղթով դա ներկայացվի եռանախագահներին, դա արդեն ՀՀ պաշտոնական տեսակետ կլինի: Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս փուլը՝ Թուրքիայի հետ Ադրբեջանը շարունակում է սահմանին միասին զորավարժությունների անցկացումը, որը ցույց է տալիս՝ նրանք չեն հրաժարվել իրենց նկրտումներից»: Ըստ նրա՝ հիմա խոսքը փոխզիջման մասին չէ, այլ դիրքորոշման մասին. «Պետք է պայմանագիր, որտեղ կնշվեր՝ ԼՂՀ-ն ձեւավորվել է օրինական ճանապարհով՝ ԽՍՀՄ օրենքներին համապատասխան, մենք ճանաչում ենք, որ Ադրբեջանի կազմից այն դուրս է եկել, ինչպես նաեւ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիայի ճանաչում ու Սումգայիթի դեպքերից սկսած նրա բոլոր հանցագործությունները պետք է ներկայացվեն: Բոլորը հայտարարեցին, որ ստատուս քվոն այլեւս հնարավոր չէ պահպանել, ինչ-որ մի բանով պետք է դա վերանա ու մի նոր կարգավիճակ ստեղծվի: Ի՞նչն է քննարկվում հիմա: Ադրբեջանը հիմա ասում է ՝ եթե ինձ չվերադարձնեք իմ յոթ շրջանները, քննարկում չի լինի: Մեզ համար անընդունելի մադրիդյան սկզբունքներն էլ է Ադբեջանն արդեն քիչ համարում: Մենք պարտավոր ենք ներկայացնել նոր մոտեցում»: «Դա պետք է լինի հետեւյալը՝ Ադրբեջանը պետք է ԼՂՀ անկախ պետականության ճանաչումը դնի որպես առաջին խնդիր»,- հայտարարեց մյուս բանախոսը՝ ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Արամ Սարգսյանը նրան հակադրվեց՝ ասելով. «1994-96թթ. Ադրբեջանը շատ թույլ էր, սակայն մեզ չհաջողվեց նրան պարտադրել, որ ճանաչի ԼՂՀ-ն, այժմ արդեն նա ուժեղացրել է եւ ամիսը մեկ Ադրբեջանում միջազգային խոշոր միջոցառումներ են տեղի ունենում: Հիմա մեր խնդիրը ռադիկալ ձեւով իրավիճակի փոփոխումն է եւ սկսենք ներքին իրավիճակից ու իրավական այդ փաստաթուղթը դնենք սեղանին: 1991թ., երբ մտնում էինք ՄԱԿ, չենք ճանաչել ԼՂՀ օրինական ձեւավորումն ու Ադրբեջանից անկախ գոյությունը»: ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ ինքը ՀՀԿ քաղխորհրդի անդամ է, գործադիր մարմնում չկա, իսկ քաղխորհրդում նման հարց չի քննարկվել. «Ապրիլյան պատերազմից հետո դիրքորոշում է փոխվել՝ Ադրբեջանի կողմից ցանկացած ոտնձգություն ադեկվատ վերաբերմունք պետք է ստանա: Մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք՝ թե ռազմական, թե քաղաքական առումներով»: