Նախարարը նվիրատվություններն ստանում է կնոջ հարազատներից (տեսանյութ)
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը իր հայտարարագրերում նշված նվիրատվությունները ստանում է կնոջ հարազատներից, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: Այսօր Կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց ինքը՝ Արմեն Մուրադյանը, մեկնաբանելով այն հրապարակումները, որտեղ նշվում էր, թե նախարար դառնալուց հետո նրա նվիրատվությունների չափն աճել է. «Սիրով ձեզ հետ կկիսվեմ, եթե ձեզ այդքան հետաքրքրում են իմ ընտանեկան խնդիրները: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից բնակվում է ԱՄՆ-ում՝ մայրը, քեռին, լուսահոգի տատիկը, եղբայրը, նրանց ստեղծած ընտանիքները: Կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են իրենց քրոջը, երեք զարմիկներին՝ նրանց ծննդյան տոներին նվիրատվություն անել: Ես կարող եմ անգամ ասել գումարի չափը, եթե այդքան հետաքրքիր է: Կարծում եմ՝ նրանք կարող են տարեկան մեկ անգամ շնորհավորել իրենց հարազատներին: Արմեն Մուրադյանը այս ամենին հավելեց. «Իմ ավագ դուստրն այս տարի ավարտել է համալսարանը, միջնեկ աղջիկս ընդունվել է համալսարան, իսկ կրտսերը՝ դպրոց: Այլ ընտանեկան հարցեր կարծում եմ չի հետաքրքրի»,- ժպիտով ասաց նա։ Հարցին, թե նման խոշոր չափի նվիրատվություն արվե՞լ է մինչև նրա նախարար դառնալը, Արմեն Մուրադյանը պատասխանեց. « Այո, մշտապես, 1995 թվականից ի վեր, իսկ խոշորը հարաբերական է, բայց ամեն ինչ պարզ հայտարարագրված է, օրենքի հետ խնդիր չկա»: Բարձաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողում ներկայացված հայտարարագրերի համաձայն, Արմեն Մուրադյանի կինը 2014-2015 թվականներին ընդհանուր առմամբ 25 հազար ԱՄՆ դոլար նվրատվություն է ստացել: