«Արվեստագետը պետք է պաշտպանի իր ազատ ստեղծագործելու իրավունքը». Մանսկի (տեսանյութ)
«Վավերագրողը պետք է ինքն իր հետ անկեղծ լինի, և ազատ ստեղծագործի, այլապես անիմաստ է ֆիլմ նկարելը: Իսկ անկեղծությունը պաթոս չի սիրում»,- համոզված է վավերագրող ռեժիսոր, «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացած, Վիտալի Մանսկին: Սցենարն ու իրականությունը չեն համատեղվում, և եթե հեռուստատեսությունն ու գեղարվեստական կինոն առանց սցենարի չեն իրականանում, ապա վավերագրական կինոն ստեղծվում է նկարահանման և մոնտաժի միջոցով։ Վավերագրական կինոն կախման մեջ է տեխնոլոգիաներից, և թվային տեխնոլոգիաները շրջադարձ էին, այսպես ասած, բացեցին ռեժիսորների ձեռքերը»,- ասում է «Իրական կինո» մանիֆեստի հեղինակը: Մանսկին մեկ անգամ չէ «Ոսկե ծիրան» փառատոնին: Եղել է ժյուրիի անդամ, 2014-ին ներկայացել «Գիրքը» ֆիլմով, որի հիմքում Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմն է, և զուգահեռներ, աշխարհի տաբեր ծայրերում այսօր իրենց աշխարհիկ հոգսերով ապրող հայերի մասին: Այս փառատոնին արտամրցութային ֆիլմերի շրջանակում ցուցադրվեց նրա «Արևի շողերի տակ» ֆիլմը, որ նկարահանել է Հյուսիսային Կորեայում: Նրա ֆիլմերը մեր առօրյա իրականության պատմությունն են, հերոսը` հոգևոր արժեքները որոշակիորեն կորցրած, սպառողական հասարակության հոգեբանություն ձեռք բերած մարդն է։ Մանսկին ծնվել է Լվովում, ուսանել և աշխատել է Մոսկվայում։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոններում և եվրոպական երկրների առաջատար հեռուստաալիքներով։ Այսօր նա ապրում է Ռիգայում, քանի որ, իր խոսքով «արվեստագետը պետք է պաշտպանի իր ազատ ստեղծագործելու իրավունքը»: