Լևոն Արոնյանի հարսնացուի հիմնադրամում հայտնի մարդիկ են (տեսանյութ)
Միջազգային ասպարեզում հայտնի հայ շախմատիստ Լևոն Արոնյանի հարսնացուն՝ Արիաննե Կաոիլին հիմնել է «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը։ Այսօր նա՝ հիմնադրամի խորհրդի անդամների հետ ներկայացրեց, թե ինչով է զբաղվելու կառույցը։ «Մենք ունենք երկու խնդիր. քաղաքացիական ներգրավվածություն և կրթություն։ Ինչպես կարող է հասարակությունը մասնակցություն ունենալ երկրի համար կարևոր խնդիրների լուծման գործում, եթե չունի ճշգրիտ տեղեկատվություն։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այդ խնդրին»։ Բացի այդ, Արիաննեն հայտնեց, որ աշխատելու են դրսից Հայաստան հրավիրել մասնագետների՝ թրեյնինգների համար։ «Լրագրողների համար վերապատրաստումներ ենք իրականացնելու։ Ցանկանում ենք նաև կանանց ներգրավվածության ու խնդիրների մասին խոսել։ Հիմնադրամի աշխատանքներում ներգրավվելու ենք նաև ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն և այլ օտար լեզուներ իմացող ուսանողների»։ Հիմնադրամի տնօրենն է հաղորդավար Գոհար Հայրապետյանը, խորհրդի անդամներն են թարգմանիչ Արտաշես Էմինը, լրագրող-մեկնաբան Արտյոմ Երկանյանը, Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։ «Արիաննեն տեսնում է բաներ, որոնք մեր աչքից վրիպում են։ Հաշվի առնելով իր եռանդը, ձգտումները՝ հույս կա, որ մի բան տեղից հնարավոր կլինի շարժել»,-ասաց թարգմանիչ Արտաշես Էմինը։ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ նշեց, որ 90-ականներին ինքը զբաղվել է շախմատով և Լևոն Արոնյանին վաղուց է ճանաչում։ Հետո ծանոթացել է նաև Արիաննե Կաոիլիի հետ։ «Կարևորում եմ հայկական երկու պետությունների հասարակությունների միջև կապը։ Արցախի չճանաչված լինելու հանգամանքը բերել է նրան, որ մենք զրկված ենք միջազգային ստանդարտներից, շատ հնարավորություններից օգտվելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ ամենամեծ շանսերը կան, որ հիմնադրամը հաջողություն կունենա»,-ընդգծեց նա։ Հիմնադրամի կարգախոսն է. «Հասարակության կողմից՝ հասարակության համար»։