Թուրքիայում կատարվածի մեջ թատերականացում կար. թուրքագետ
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը դեռ վաղ է համարում որեւէ կարծիք հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ, սակայն 3 տարբերակ է առանձնացնում: Առաջին տարբերակն, ըստ նրա, հեղաշրջման փորձն է, երկրորդը՝ ինչ-որ թատերականացված բան կար այս ամենում, երրորդն էլ ՝ երկու օր առաջ Թուրքիայի խորհրդարանը ընդունել է «Զինվորական ուժերի անձնակազմի մասին» օրենք, որը թույլ է տալիս կառավարության հրամանով բանակը օգտագործել ցանկացած պահի՝ թե արտաքին եւ թե ներքին գործերում՝ որոշակի օպերացիաներ կատարելու համար: «Ներքին խժդժությունները ցրելու համար որոշակի հատուկ ուժեր կային Թուրքիայում։ Բանակը օգտագործել ինչ- որ լայնամասշտաբ ներքին օպերացիաներում՝ դա եւս կարող էր առաջացնել զինվորական շրջանում դժգոհություններ»,- «Ա1+»-ին ասաց թուրքագետը: Անուշ Հովհաննիսյանի համար միաժամանակ տարօրինակ է այն , որ թեեւ Թուրքիայում զինվորականությունը հեղաշրջումների ավանդույթներ ունի, սակայն թատերականացված պահեր կային. «Ճիշտ է հրասայլեր էին փողոցում, ուղղաթիռներ էին պտտվում Անկարայի խորհրդարանի շենքի վերեւում եւ ռմբակոծվել է խորհրդարանը, եկել էին, հեռուստատեսություններ են ուզել գրավել: Էրդողանը իր պալատում չէ, բայց չգիտես ինչու՝ ուղղաթիռներից ռումբ են գցում իր նստավայրի վրա: Հետո նա օդանավով հայտնվում է Ստամբուլի օդանավակայանում, որտեղ իր ինքնաթիռը հանգիստ գալիս, իջնում է»,- նշում է թուրքագետը: Թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, Անուշ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս սպասել: