«Տեղներդ փոխեք զինվորների հետ կամ պարզապես հեռացեք». ստեփանակերտցի գրող (տեսանյութ)
Ստեփանակերտցի գրող, հրապարակախոս Վարդգես Հովիվյան չի հասկանում այն տեսակետը, թե ԼՂ հարցի շուրջ արտաքին ճնշումներ կան. «Դա ավելի մեծ ճնշում էր, քան պատերազմի դաշտում էր, ավելի ուժեղ ճնշում էր, քան մարդ իր կյանքով եւ արյամբ էր վճարում: Սմոքինգ հագած, փողկապով նստում են սեղանների շուրջ եւ ինչ-որ ճնշումներից խոսում: Հարգելիներս, եթե ճնշումներ կան, չեք դիմանում, գնացեք տեղներդ փոխեք զինվորների հետ կամ պարզապես հեռացեք, հրաժարական տվեք, թող գան այն մարդիկ, ովքեր ճնշումներից չեն վախենում»,- Արցախում «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի նախաձեռնած կլոր սեղանի ժամանակ ասաց հրապարակախոսը: Ադրբեջանի ամեն մի քայլ անընդհատ հակաքայլի հնարավորություն է տալիս: Բայց հրապարակախոսը չի հիշում դեպք, երբ մեր իշխանություններն այդ հակաքայլը օգտագործեին. «Անընդհատ սխալ քայլեր եւ անգործություն»: Նրա խոսքերով՝ նույնիսկ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի բացահայտ պրոադրբեջանական, պրոթուրքական դիրքորոշումը ակնհայտ է, բայց մեր դիվանագետները որոշել են, որ մեր լավագույն բարեկամը Ռուսաստանն է: «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով քննարկման ժամանակ Ավետիք Իշխանյանն էլ ավելացրեց, որ եթե Ադրբեջանը կարողացել է համարձակվել, ուրեմն մենք թերացել ենք: «Եթե դու առաջինը զիջում ես, դու հոգեբանորեն պարտվել ես: Եթե նա ասում էր ոչ մի զիջում, դու էլ պետք է ասես ոչ մի զիջում»,- ասաց Ավետիք Իշխանյանը: Նա նաեւ խոսեց պատասխանատվության մասին. «Այո, պատասխանատուն իշխանություններն են, բայց եթե իշխանություններն այդպիսի բաներ են ասել եւ փորձում են անել, մենք էլ ենք պատասխանատու, որ թույլ ենք տվել այդպիսի բան ասել, մենք ամեն մեկս ունենք պատասխանատվություն»: Այնուամենայնիվ, իրավապաշտպանը համարում է, որ մենք դատապարտված ենք հաղթանակի: